Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ՀՊՄՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Կառավարության անդամներ, հյուրեր արտասահմանից և այլք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով բուհի մեկդարյա հոբելյանը, վստահեցրեց՝ Կառավարության համար մանկավարժի մասնագիտությունն ու մանկավարժական կրթությունն ունեն ռազմավարական նշանակություն:
Վարչապետը նկատում է՝ մանկավարժական կրթությունը, ի վերջո, կրթություն է՝ կրթություն տալու մեթոդների, ձևերի և այսօր արդեն՝ տեխնոլոգիաների մասին.«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այսօր, ինչպես բուհի ստեղծման օրերին, կրթության ապահովումը ազգային անվտանգության խնդիր է: Մենք կանգնած ենք այդ խնդիրը լուծելու անխուսափելիության առաջ, և դա է պատճառը, որ հանրակրթության ոլորտում ձեռնարկվում են մասշտաբային բարեփոխումներ: Դրանց լուծումն անհնար կլինի առանց պրոֆեսիոնալ ուսուցչի, հետևաբար, մանկավարժական կրթության հետագա զարգացումը ևս ունի անկյունաքարային նշանակություն»:
Կառավարության ղեկավարը բուհի 100-ամյակը լավ առիթ համարեց ամփոփելու կատարած աշխատանքը, ինչպես նաև պլանավորելու այն ապագան, որ կիրականացվի մանկավարժական կրթության ոլորտում՝ որոշ ժամանակ անց դառնալով իրականություն.«Համոզված եմ, որ կկարողանանք այսօր նախագծել, իսկ վաղն իրագործել ազատ, երջանիկ և անվտանգ Հայաստանի այն ապագան, որ պիտի կերտվի մանկավարժության կրթության ոլորտում»,-հավելեց վարչապետը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորելով մեկդարյա բուհին հոբելյանի առթիվ ընդգծեց՝ Մանկավարժականն այն բացառիկ բուհերից է, որ հավատարիմ է մնացել է իր ակունքներին՝ ծավալելով մանկավարժական գործունեություն, պատրաստելով մանկավարժական կադրեր:
Նախարարը նկատեց՝ այդ ճանապարհը բարդ է, դժվար, պատվաբեր.հատկապես վերջին շրջանում շատ է կարևորվում մանկավարժական կրթության դերը.« Բազմիցս հնչել է այն տեսակետը, որ ցանկացած խնդրի հիմքում կրթականն է. բոլորս պետք է շրջադարձային քայլեր անենք կրթության որակի ապահովման գործում: ՀՀ Կառավարությունը ջանք չի խնայում. կրթության զարգացման ռազմավարական ծրագրում ահռելի ծավալ հատկացված է հենց մանկավարժական բարձրագույն կրթությանը: Չնայած հավակնոտ լինելուն՝ վստահ եմ՝ բոլորիս համատեղ աշխատանքի դեպքում այն կհաջողի»,- նշեց Վահրամ Դումանյանն ու շնորհակալություն հայտնեց մեկդարյա բուհի մանկավարժ-երախտավորներին:
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մանկավարժական մտքի և կրթության զարգացումն ու առաջընթացը խորհրդանշող հոբելյանը պատեհ առիթ է համարում արժևորելու բարձրագույն կրթօջախի տարեգրությունը կերտած երախտավորներին, մատնանշելու ուսուցչի պատվավոր առաքելությունն իրականացնող շրջանավարտների տարբեր սերունդների ներդրումը։
Մանկավարժական համալսարանի ռեկտորը հպարտությամբ է նշում՝ մերօրյա զարգացումներին համընթաց, առաջնորդում է գիտական, կրթական և մշակութային մեծ ներուժ.«Մենք այս տարեգրության էջերը թերթում ենք սրբազան ակնածանքով ու պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Մեր ժողովրդի ընդհանուր պատմության մեջ բուհի կենսագրությունը մի մասունք է, որտեղ ամփոփված է մեծ մտավորականների տարբեր սերունդների գիտական մտքի արգասիքը։ Այստեղ մանկավարժ-գիտնականների տարիների անմնացորդ նվիրումը կա, դեպի բարձրորակ կրթություն՝ անխափան ընթացքը, և Դուք այսօր, սիրելի ներկաներ, մեր պատմության ականատեսն եք»,- մանկավարժական մայր բուհի հիմնադրման մեկդարյա հոբելյանի շնորհավորական խոսքում նշեց պրոֆեսոր Գևորգյանը:
Բուհի ղեկավարն ընդգծում է՝ տարբեր ժամանակներում տարբեր են եղել մանկավարժ կրթելու մեթոդները, բայց անփոփոխ է մնացել ուսուցչի ազգապահպան առաքելությունը, առողջ ու բանիմաց հասարակության, պետության անվտանգության երաշխավորի պատասխանատվությունը.«Մանկավարժական համալսարանը հենց այս սկզբունքով է մոտենում իր առաքելությանը և արդեն մեկ դար տարեցտարի կատարելագործում է ուսումնագիտական ու կրթական գործառույթները»:
ՀՊՄՀ-ի հոբելյանը նշանավորվեց նաև պարգևատրումներով. գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարկության գործում վաստակի համար ՀՊՄՀ Ուսումնագիտական հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Մեժլում Երիցյանը:
Երկարամյա անբասիր աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեցին Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Ղուշչյանը:
Բուհի 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությանը կատարումներով հանդես եկավ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, ՀՊՄՀ-ի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողները, Երգի պետական թատրոնը, Մնջախաղի թատրոնը, Կամո Սեյրանյանը: