ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական պրակտիկա՝ Ցյուրիխի արվեստների համալսարանում
10.03.2022
Մանկավարժական պրակտիկա՝ Ցյուրիխի արվեստների համալսարանում

Մանկավարժական համալսարանը շարունակում է միջազգային կապերի ընդլայմանն ու ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը:

Միջազգայնացման շարունակական գործընթացներն ապահովելու, բարձրագույն կրթական միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հաճախ են մանկավարժական պրակտիկա անցնում եվրոպական տարբեր համալսարաններում:

ՀՊՄՀ, Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի համագործակցության շրջանակներում՝ փետրվարի 20-ից մարտի 5-ը Շվեյցարիայի Ցյուրիխի արվեստների համալսարանում էին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ Հայկուհի Մուկոյանը, Նաիրա Մխիթարյանը և բուհի 9 ուսանող:

Այցի ընթացքում կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ուսանողները ծանոթացան Ցյուրիխի արվեստների համալսարանի պատմությանն ու գործունեությանը, ապա շվեյցարիացի դասախոսների ղեկավարությամբ ունեցան գերհագեցած պրակտիկա՝ կերպարվեստի դասավանդման հմտությունների և դպրոցներում դրանց կիրառման վերաբերյալ:

Հաշվի առնելով ուսանողների նախասիրությունները՝ ժամանանակից մեթոդների կիրառմամբ իրականացվեցին խմբային աշխատանքներ, ապա ուսանողներն այցելեցին Ցյուրիխի պատկերասրահ, որտեղ մասնագետների միջոցով կատարեցին նկարների ինտերակտիվ վերլուծություն։

Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները եղան նաև շվեյցարական Բադեն և Բյուլախ քաղաքի ավագ դպրոցներում, կիրառելով խմբային մեթոդներ՝ իրականացրին դասալսումներ և դասերի վերլուծություններ։

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկուհի Մուկոյանը, old.aspu.am-ի հետ զրույցում նկատեց, որ շվեյցարական կրթական համակարգը էապես տարբերվում է մեզ ծանոթ կրթական գործընթացներից.գերիշխում են խմբային, խաղային, նախագծային մեթոդները, վարպետության դասերը, վերլուծություններն ու քննարկումները:

Վերջինս հավելեց, որ Շվեյցարիայում մեծապես կարևորվում է նաև դասապրոցեսի կազմակերպումը. նպատակ, ընթացք, վերջնարդյունք տրամաբանութամբ, որին հաջորդում են քննարկումներ, դասավանդողների կողմից թույլ կողմերի վերհանում:

Դասախոս Նաիրա Մխիթարյանն էլ հավելեց՝ Շվեյցարիա կատարած այցը կարևոր փորձ էր՝ նորագույն տեխնոլոգիաներով և լայն հնարավորություններով գերհագեցած ուսումնական միջավայրում նոր մոտեցումներով ուսումնասիրություններ կատարելու, գիտելիքները գործնականում կիրառելու առումով:

Այցի ընթացքում ՀՊՄՀ դասախոսները հանդես եկան դասախոսություններով՝ ներկայացրին պատկերագրման ոչ ավանադական տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ գորգագործության և կարպետագործության պատմությունը:

«Գործվածքի դիզայն առարկայի շրջանակներում՝ մեկ կարճ գործնական առաջադրանքի միջոցով անցկացվեց խմբային աշխատանք, որի արդյունքների ամփոփումը լինի մեր բուհի ուսանողների հետ գործնական դասի շրջանակներում»,-հավելեց Նաիրա Մխիթարյանը:

ՀՊՄՀ պատվիրակությունը Շվեյցարիա կատարած երկշաբաթյա այցի ընթացում եղավ նաև Լուցերնի կիրառական գիտությունների և արվեստի համալսարանում, քաղաքի պատմական և տեսաժան մի շարք վայրերում, մասնակցեց մշակութային տարբեր միջոցառումների:

Հիշեցնեք, որ Մանկավարժական և Ցյուրիխի արվեստների համալսարանների միջև գործընկերությունը սկզբնավորվել է դեռևս 2019 թվականին. համագործակցության շրջանակներում փոխայցերի միջոցով երկու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան են անցկացնում գործընկեր բուհերում:

Մարտի 28-ից ապրիլի 8-ը նախատեսվում է շվեյցարացի ուսանողների և դասախոսների այց՝ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, որի ընթացքում գործնական աշխատանքներ կիրականացվեն նախագծերի շուրջ  և կներկայացվեն ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ «Կերպարվեստ» առարկայի շրջանակներում: