Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական մանկավարժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պրակտիկայի շրջանակներում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաների համար կազմակերպել էին միջոցառում:
Ուսանողները «Զատիկ»-ի սաների հետ միասին այցելեցին Մուղդուսյան արվեստի կենտրոն. ապագա մանկավարժների հետ էին ցերեկային խնամքի խմբերից ընտրված սաները, որոնք ունեին համապատասխան նկարչական կարողություններ ու հմտություններ:
Արվեստի կենտրոնը հյուրերին ընդունեց գրկաբաց. երեխաները փոքրիկ էքսկուրս կատարեցին կենտրոնում, ծանոթացան դրա գործունեությանը: Կենտրոնի ղեկավար Մարիամ Մուղդուսյանի ղեկավարությամբ երեխաների համար անցկացվեց կերպարվեստի դաս, որի ընթացքում նրանք կարողացան ազատ ստեղծագործել և ծանոթանալ կերպարվեստի առանձնահատկություններին:
«Պրակտիկայի աշխատանքային պլանով նախատեսված ձեռնարկն ուներ ուսուցողական և ճանաչողական բնույթ: Նման ձեռնարկները պետք է պարբերական լինեն.դրանք ուսումնառության ընթացքում նպաստում են ուսանողների մոտիվացիայի զարգացմանը, երեխաների ինքնադրսևորմանը: Նախաձեռնության շնորհիվ ուսանողները կարողացան երեխաներին դուրս բերել միապաղաղ առօրյայից և նրանց պարգևել դրական լիցքեր: Աջակցության կենտրոնի սաներից շատերը ցանկություն հայտնեցին հետագայում ևս շարունակել հաճախել արվեստի կենտրոն»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց պրակտիկայի ղեկավար, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, պրակ Ա.Դալլաքյանը: