ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական պրակտիկայի պաշտպանության նոր ձևաչափ ՀՊՄՀ-ում
24.01.2017
Մանկավարժական պրակտիկայի պաշտպանության նոր ձևաչափ ՀՊՄՀ-ում

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում ևս մեկնարկել են պրակտիկայի պաշտպանությունները:

Այս օրերին բուհի մի շարք ֆակուլտետների ուսանողներ հանձնաժողովներին են ներկայացնում տարբեր հաստատություններում շարունակական պրակտիկայի թղթապանակները՝ դրանում ընդգրկելով աշխատանքի ընթացքի ուսումնասիրության արդյունքները, ուժեղ և թույլ կողմերը, առաջարկներն ու անելիքները:

Ի դեպ, պրակտիկայի պաշտպանությունը նորույթ է ՀՊՄՀ-ում. այսուհետ պրակտիկայի պաշտպանության գնահատականը կկազմի որակավորման քննությունների նիշի 30 տոկոսը:

Ռազմական, սոցիալական և այլ ոլորտների ապագա հոգեբանների պրակտիկան գնահատում էին մեթոդիստները, պրակտիկան անցկացրած հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ֆակուլտետի դեկանն ու տեղակալը:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը պրակտիկայի նման ձևաչափի անցկացման կողմնակիցն է՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում լավագույնս բացահայտվում են մասնագիտությունը ճիշտ ընտրած ուսանողները: Նրա վստահեցմամբ՝ հենց այդ ժամանակ է առավել ընկալելի դառնում մասնագիտությունն ու դրա պրակտիկ կողմը:

«Պրակտիկայի պաշտպանությունը տեսանելի է դարձնում նաև պրոֆեորադասախոսական կազմի հետագա անելիքները. կլինեն փոփոխություններ, կուսուցանվեն հետազոտություններ կատարելու նոր մեթոդիկաներ, քանի որ ապագա մասնագետի պաշտպանության ընթացքում առավել քան պարզ է դառնում՝ ինչ է պակասում ուսանողին»,-old.aspu.am-ի հետ զրույցում հավելեց դեկանը:

Անդրադառնալով պրակտիկայի վերջնարդյունքի գնահատման նոր մոտեցմանը՝ նա նշեց, որ առաջին փորձը կբացահայտի բացթողումները, կհստակեցնի անելիքները, կկատարվեն համապատասխան լրացումներ և շտկումներ:

Չնայած պրակտիկայի գործընթացում բարեփոխումները մտավախություններ էին առաջ բերել նաև ուսանողների շրջանում, սակայն նրանք խոստովանում են՝ պրակտիկայի պաշտպանությանը նախապատրաստվելը տվեց նոր գիտելիքներ և հմտություններ, օգնեց հասկանալ՝ արդյոք ճի՞շտ են ընտրել մասնագիտությունը: