ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողներն արժանացան մրցանակի
11.02.2016
Մանկավարժականի ուսանողներն արժանացան մրցանակի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին այսօր հանձնեց մրցանակներ: Այս տարի մրցույթին հաղթող է ճանաչվել հանրապետության 18 բուհերի 39 ուսանող:

Մանկավարժական համալսարանի  ուսանողներ՝  Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սևադա Սարգսյանը հասարակագիտության ոլորտում զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ նույն ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մկրտչյանը հայագիտության ոլորտում՝ 3-րդ տեղը:

Հաղթող ճանաչված ուսանողները համապատասխանաբար պարգևատրվեցին հավաստագրերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով. 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:

Ողջունելով մրցույթի հաղթողներին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ամեն մի բուհ իր չափանիշներով է ընտրում լավագույն ուսանողներին, և նախարարությունը դեռևս 3 տարի առաջ, կարևորելով լավագույն ուսանողների բացահայտման և խրախուսման գործը, նախաձեռնել է այս հանրապետական մրցանակաբաշխությունը, որին էլ մասնակցում են տարբեր բուհերի լավագույն ուսանողները: «Շատ ուրախ եմ, որ 100 հազար ուսանողների մեջ կարողացանք ընտրել այն 39-ին, ովքեր ճանաչվել են լավագույն ուսանող: Հաղթողներն ավելի համառ, հետևողական, նաև խիզախ և համարձակ են եղել, երբ դիմել են այս մրցույթին: Կարծում եմ, որ նրանց օրինակը պետք է ոգևորող լինի հայ երիտասարդության համար»,-ամփոփեց Արմեն Աշոտյանը:

Ի դեպ, «Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվում է 2013 թվականից՝ բնագիտական, հումանիտար գիտություններ, բժշկություն, հասարակագիտություն, ճարտարագիտություն, մշակույթ-սպորտ և հայագիտություն ոլորտներում:

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Մրցույթի ներբուհական փուլը կազմակերպում են բուհերը:

Հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների արդյունքներով, իսկ հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը: