ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողները Լիտվայում
24.08.2016
Մանկավարժականի ուսանողները Լիտվայում

«Ամառային դպրոց 2016» միջազգային ծրագրի շրջանակներում Մանկավարժականի 10 ուսանող և մեկ դասախոս հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը մեկնեցին Լիտվա, որտեղ նրանց դիմավորեցին Լիտվայի Կրթական գիտությունների համալսարանի ներկայացուցիչները:

Տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ՀՊՄՀ-ի ուսանողներին ողջունեցին համալսարանի դասախոսական կազմը, ռեկտորատի ներկայացուցիչները և հաննձնեցին նվերներ:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները ծանոթացան ոչ միայն երկրի պատմամշակութային արժեքներին, այլև կրթական համակարգին և լիտվերենին:

Տրակայի ամրոց, հնագույն մայրաքաղաք Կերնավեն, Կաունաս, Լիտվայի ազգային ապրելակերպի թանգարան՝ Ռումշիշկես և բազմաթիվ այլ պատմական և մշակութային արժեք ներկայացնող կոթողներ, դղյակներ, թանգարաններ, որոնց միջոցով աբովյանականները ծանոթացան Լիտվայի պատմությանը, նրանց ազգային ավանդույթներին, արժեհամակարգին և կենցաղին, ինչը լրացնում էին լիտվացիների ավանդական ուտեստները, ազգային երգն ու պարը:

Ուսանողների վստահեցմամբ՝ հագեցած ուսումնական ծրագրի շնորհիվ կարողացան սեղմ ժամկետներում որոշ չափով տիրապետել լիտվերենին, ակտիվ մասնակցություն ունենալ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի կազմակերպած հետաքրքիր միջոցառումներին, քննարկումներին:

19 երկրների ուսանողներ միավորած ծրագիրն ամփոփվեց մասնակից երկրների մշակութային արժեքների ներկայացմամբ, որի ընթացքում հայ ուսանողները ներկայացրին սեփական ժողովրդի պատմությունը, ազգային երգն ու պարը, ազգային խոհանոցի որոշ ուտեստներ:

Լիտվա մեկնած ուսանողները միակարծիք են՝ բուհի ընձեռած հնարավորությունը բացառիկ էր և շատ օգտակար, ինչի շնորհիվ ունեցան տպավորչ ու հիշարժան օրեր, ձեռք բերեցին նոր ընկերներ, գիտելիքներ, լեզվական կարողություններ: