Վերջերս Երևանում անցկացվեց «Golden Voice» երգի միջազգային մրցույթ, որին մասնակցում էին տարբեր երկրներից շուրջ 90 ներկայացուցիչներ:
Հայաստանը, ի թիվս այլ մասնակիցների, ներկայացնում էին նաև Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհիներ Մարի Ավետիսյանը և Ռիտա Հովհաննիսյանը, դասախոս՝ Մերի Կարապետյան:
Վերջիններս հանդես եկան փոփ վոկալ ժանրում: Ժյուրին, որը կազմված էր մասնակից երկրների մասնագետներից, բարձր գնահատեց աբովյանականների ելույթն ու Մարի Ավետիսյանին շնորհեց Գրան Պրի, իսկ Ռիտա Հովհաննիսյանին՝ 1-ին կարգի մրցանակ:
Նշենք, որ Մարի Ավետիսյանն ու Ռիտա Հովհաննիսյանը բազմիցս մասնակցել են մրցույթների, այդ թվում նաև միջազգային, արժանացել մրցանակների և բարձր պարգևների:
«Յուրաքանչյուր մրցույթ և հաղթանակ իր առանձնահատկությունն ունի: Սա յուրատեսակ էր նաև այն տեսանկյունից, որ հաղթանակը հայրենիքում էր»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ռիտա Հովհաննիսյանն ու վստահեցրեց՝ մեծ պատասխանատվություն է հարազատ կրթօջախը ներկայացնել միջազգային մրցույթներում: Ապագա մանկավարժը խոստովանեց՝ չնայած բեմում հանդես գալը գրավիչ է, սակայն մեծ է նաև դպրոցում դասավանդելու ցանկությունը: