ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականն ամրապնդում է հայ-սերբական բարեկամությունը
26.04.2024
Մանկավարժականն ամրապնդում է հայ-սերբական բարեկամությունը

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հայ-սերբական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դասախոսություն։

Այդ առիթով բուհում հյուրընկալվել էին Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը պատմական ակնարկով անդրադարձավ Հայաստան-Սերբիա մշակութային և կրթական դարավոր կապին, դիվանագիտական հարաբերություններին, ուրախությամբ նկատելով՝ այդ կապն այսօր ամուր հիմքերի վրա է:

Նա ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայ-սերբական մշակութային առնչություններին․այդ մասին են վկայում փոխադարձ դասախոսությունները, ՀՊՄՀ «Գիտական տեղեկագիր» հանդեսի խմբագրակազմում սերբ պրոֆեսոր Բուդիմիր Ալեքսիչի անդամակցումը, ինչպես նաև ՀՊՄՀ պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի՝ Սերբիայում Անի քաղաքի մասին սերբերեն թարգմանված գրքի շնորհանդեսը․«Լիահույս եմ՝ ձեռնարկին մասնակից ուսանողները կկարևորեն հայ-սերբական գրական և մշակութային կապերի իրողությունը և իրենց գիտամանակավարժական գործունեությամբ կապահովեն նոր վերելք՝ բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը»,-նշեց Մարիամ Իսպիրյանը։

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը երկրորդում է ՝ առաջին անգամ չէ, որ Բանասիրական ֆակուլտետն անդրադառնում է հայ-սերբական կապերին․ այսօր հերթական միջոցառումն է, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն այդ գործում կարևորում է ֆակուլտետի մեծ բարեկամ, իր գործի նվիրյալ Բաբկեն Սիմոնյանի դերակատարումը։

ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, հրապարակախոսը կարծում է, որ դիվանագիտությունը ոչինչ չարժե, եթե դրանում ներառված չէ մշակույթը․ նկատում է՝ այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք մշակութային դիվանագիտության անհրաժեշտություն։ Բաբկեն Սիմոնյանը լուսանկարների միջոցով ներկայացրեց երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա պատմության նշանակալի իրադարձությունները՝ պաշտոնականից մինչև գիտակրթական, հոգևոր, մշակութային և ընդգծեց՝ բոլոր այս իրադարձությունները նպաստել են մեր երկրների ամուր հարաբերությունների հաստատմանը ու բարեկամությանը։

Բաբկեն Սիմոնյանն ընդգծեց՝ կազմակերպվող միջոցառումներին պարտադիր ներկա է լինում Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, որը, բարեբախտաբար, զուտ դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպան չէ, այլ գրչի, մշակույթի մարդ։

Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչն ուրախ է, որ հայ-սերբական 30-ամյա պատմության բաղկացուցիչն է․ նրա ջանքերով է Հայաստանում բացվել դեսպանատունը:Ի դեպ, նա Հայաստանում Սերբիայի առաջին դեսպանն է։

Վերջինս նշում է՝ արդեն 30 տարի զբաղվում է դիվանագիտությամբ, եղել է արևմուտքում, արևելքում, տարբեր երկրներում գործընկերներ է ձեռք բերել, բայց Հայաստանում զգում է ինչպես տանը, սիրահարված է մեր երկրին։

Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը նկատեց՝ հայ - սերբական պատմական և դիվանագիտական հարաբերությունները շատ խորն են․ երկու ժողովուրդների միջև մի շարք ընդհանրություններ կան, ինչն էլ մերձեցնում է նրանց։

Դեսպանը հավելում է՝ պատմության ընթացքում երկուստեք շատ դաժան պահեր և դժվարություններ են ունեցել, սակայն մշտապես պայքարել են․ այսօր էլ կանգնած են մարտահրավերների առջև, սակայն վստահ է՝ կանեն առավելագույնը երկրների հաջողության և հզորության համար։

Նա նշեց, որ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում են կրթական տարբեր ծրագրեր, իսկ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել սերբերենի ուսուցման դասընթացներ, որում չբացառեց Մանկավարժականի դերակատարումն ու ակտիվ մասնակցությունը։
Դեսպանը դրվատանքով խոսեց Բաբկեն Սիմոնյանի մասին՝ բարձր գնահատելով նրա գրական գործունեությունն ու կատարած մեծածավալ աշխատանքը Հայաստանի և Սերբիայի մերձեցման գործում։

Դասախոսությունն ուղեկցվեց տեսանյութերով․ հնչեցին սերբական և հայկական հայրենասիրական երգեր, ինչպես նաև Բաբկեն Սիմոնյանի հեղինակած «Աղոթք առ Աստված»-ը։

Հանդիպման ավարտին գրող, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը ներկաներին նվիրեց իր հեղինակած «Ես գիտեմ՝ ով եմ» գիրքը։