ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում բացվեց «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոն
21.03.2017
Մանկավարժականում բացվեց «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոն

Երկօրյա այցով Մանկավարժական համալսարանում է Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պատվիրակությունը՝ ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի գլխավորությամբ:

ՀՊՄՀ կատարած առաջին այցը նշանավորվեց բուհում «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնի բացմամբ:

Կենտրոնը նախատեսում է երկկողմանի համագործակցության միջոցով բարելավել ռուսերենի դասավանդման որակը Հայաստանում:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց կենտրոնի բացումը և նկատեց, որ իրադարձությունը որակական նոր փուլ է մեր երկրում ռուսերենի դասավանդման զարգացման համար: Ռուբեն Միրզախանյանի կարծիքով՝ դպրոցներում և բուհերում ռուսերենի ուսուցումն ունի որոշակի վերանայման կարիք. դասավանդումն անհարաժեշտ է համապատասխանեցնել ժամանակակից մեթոդներին:

«Խորհրդային տարիներին ռուսերենը մեզ համար ոչ մայրենի լեզու էր, ոչ՝ օտար: Այնուամենայնիվ, ներկայումս հայերիս համար ռուսերենն օտար լեզու է և դրա դասավանդման մեթոդիկան պետք է լինի՝ ելնելով այդ ակնհայտ իրողությունից»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ այդ գործում Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտն ունի բացառիկ դեր և նշանակություն:

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում ռուսաստանյան 3 բուհերի հետ համագործակցությանը և հույս հայտնեց, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա:

Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ յուրաքանչյուր համագործակցության կենտրոնում ուսանողն է:

«Ռուսերենի տարածման ամենակարճ ուղին մանկավարժական բուհերի հետ համագործակցությունն է, որտեղ պատրաստվում են ռուսաց լեզվի ապագա դասավանդողները: Ապագա մանկավարժների միջոցով առավել արդյունավետ կլինի վերջնարդյունքին հասնելը՝ վերադարձնել ռուսերենի՝ որպես ազգերի միջև երկխոսության լեզվի դերը, ինչպես նաև հումանիտար, բիզնես և համագործակցության այլ ոլորտներում դրա կիրառումը:

Մարգարիտա Ռուսեցկայան հավելեց, որ իրենք պատրաստ են ամենօրյա աշխատանքով հարստացնել կենտրոնի գործունեությունն ու ավելացնել 30 երկրներում գործող «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնների թիվը:

Ռեկտորը վստահեցրեց նաև, որ ուսումնասիրել են համաշխարհային աշխատաշուկայի պահանջներն ու նկատել՝ ռուսերենը շարունակում է մնալ պահանջված, ուստի լեզվի դասավանդման վերանայումն ու զարգացումը նոր հնարավորություններ կընձեռի:

«Մանկավարժականը մեզ համար ռազմավարական գործընկեր է»,-նշեց Մարգարիտա Ռուսեցկայան այն համոզմունքով, որ երկու բուհերի միջև նոր սկզբնավորվող համագործակցությունը կունենա շոշափելի և արդյունավետ կրթական արտադրանք:

Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի լեզվաբանական դիդակտիկայի, լեզվական թեստավորման և միգրացիոն քաղաքականության օժանդակման կենտրոնի տնօրեն Օլեգ Ռադչենկոն էլ ներկայացրեց «Պուշկինի ինստիտուտ» գործընկերային ցանցը, դրա միջոցով մասնագիտական զարգացման և դասավանդման որակի բարձրացման նոր հնարավորություններն և նշեց, որ ցանկություն ունեն լսելու, թե ինչ դժվարությունների են հանդիպում ռուսերեն դասավանդողները:

Ռուսաց լեզվի դասավանդում, տարածում, ուսուցում և պահպանում. սրանք են այն հիմնական նպատակներն ու խնդիրները, որ իր առջև դրել է «Պուշկինի ինստիտուտ» գործընկերային ցանցը (պորտալը), որն առաջիկայում կթարգմանվի նաև հայերենով:

Ռուս գործընկերը վստահեցրեց, որ Մանկավարժական համալսարանում Ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնի բացումը մեծածավալ աշխատանքի սկիզբն է միայն. «Յուրաքանչյուր լեզու նոր բանալի է դեպի աշխարհ մուտք գործելու համար»,-նշեց Օլեգ Ռադչենկոն:

Ի դեպ, հյուրերը նորաբաց կենտրոնին նվիրեցին խորհրդանշական նվերներ և գրքեր: