Այսօր Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկարատև խնամքի գծով պատասխանատու Ստեֆանի Իլինկայի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Վերականգնման, աջակցող տեխնոլոգիաների և հաշմանդամության ներառականության ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին ՀՀ-ում տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնդիրների, ինչպես նաև ոլորտի մասնագիտություններ պատրաստելու գործընթացի մասին։
Մարիաննա Հարությունյանն ընդգծեց, որ մեզանում կան ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրությանը վերաբերող մի շարք խնդիրներ։ Նա ցավով նկատեց՝ վերականգնողական աշխատանքներին վերաբերող մասնագիտությունները ունեն նվազ գրավչություն, վարձատրությունը ևս ցածր է։
Հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ․Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց մասնագիտությունների ցանկը, որ պատրաստում է մանկավարժական բուհն ու հավելեց՝ շրջանավարտներից շատերն այսօր տարբեր հաստատություններում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ և ծառայություններ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև մեր երկրում վերականգնողական կենտրոնների քիչ թվաքանակին, վերականգնողական ծառայությունների բարելավման գործում ԿԳՄՍ-ի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների անելինքերին։
Պրոռեկտորը հույս հայտնեց, որ հարցի վերաբերյալ Մանկավարժական համալսարանի ներկայացրած տեսակետը ԱՀԿ-ի համար կլինի արդյունավետ, որպեսզի Կառավարության հետ համագործակցության ընթացքում հնարավոր լինի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ի նպաստ վերականգնողական ծառայությունների ոլորտի զարգացման։
Նշենք, որ հոկտեմբերի 23-27-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ նախաձեռնել է առաքելություն՝ օժանդակելու ՀՀ վերականգնողական բուժօգնության և աջակցող տեխնոլոգիաների ազգային ռազմավարությունը և գործողությունների պլանը ավարտին հասցնելուն։ Այդ շրջանակներում ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվում են տարատեսակ հանդիպումներ, որոնց մասնակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ-փորձագետները։
Ի դեպ, հոկտեմբերի 25-26-ը կկայանա ՀՀ ԱՏ կարողությունների գնահատման զեկույցի ամփոփումն ու ՀՀ վերականգնողական բուժօգնության և ԱՏ ռազմավարության ու գործողությունների պլանի ավարտական աշխատաժողովը, որին կմասնակցի նաև ՀՊՄՀ-ն՝ ի դեմս Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի։