Մայիսի 3-9-ը Erasmus+ ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում էին Ռումինիայի Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի հոգեբանության և կրթական գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիելլա Պավալակեն և պրոֆեսոր Մարչելա Ռոդիկա Լուկան:
Այցի ընթացքում գործընկերները հանդիպումներ ունեցան ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի, տեղակալների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, քննարկեցին համագործակցության հնարավոր ուղիները:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Ռումինիայում և Հայաստանում իրականացնել մանկավարժական, աշխատանքային և ժամանակակից հոգեբանական մի շարք հիմնախնդիրների շուրջ համատեղ հետազոտական աշխատանքներ: Քննարկվեցին նաև դասավանդման նպատակով փոխադարձ այցելությունների անհրաժեշտությունն ու հնարավոր թեմատիկան:
Բրաշովի համալսարանի պրոֆեսոր Մարչելա Լուկան հանդես եկավ սոցիալականացման, ձեռնարկատիրական, անձնավորության և կրթության, շրջանավարտի աշխատանքային և մասնագիտական ներգրավվածության թեմաներով դասախոսություններով, ինչպես նաև ներկայացրեց այդ ոլորտների վերջին ուսումնասիրությունները:
Հանդիպումներ եղան նաև ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանի և բաժնի աշխատակիցների հետ, այցելեցին բուհի թանգարան:
Նշենք, որ Տրանսիլվանիայի Բրաշովի համալսարանի հետ Մանկավարժական համալսարանի համագործակցությունը մեկնարկել է 2016 թվականից Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում: Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում հոգեբանության բաժնի 1 ուսանող 5 ամիս սովորել է Բրաշովի համալսարանում, իսկ 2018-ին նույն համալսարանում վերապատրաստվել է Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության գծով փոխդեկան Սոնա Մակիչյանը: