ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ բուհում էին Ֆրանսիայի Դիժոն քաղաքի Բուրգունդիայի համալսարանի պրոֆ. Կլոդ Լերուան (Claude Leroy) և ֆ.մ.գ.թ. Եվգենյա Լերուա-Փաշայանը (Yevgenya Pashayan-Leroy):
Վերջիններս պրոֆեսորադասախոսական կազմին, ասպիրանտներին, ուսանողներին ներկայացրին նույն համալսարանի ֆիզիկայի, ֆոտոնիկայի և նանոտեխնոլոգիայի, ինչպես նաև միջազգային այլ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Բուրգունդիայի համալսարանի դասախոսների սեմինարը հայ-ֆրանսիական կրթական համագործակցությունների շրջանակներում էր, որի ընթացքում բանախոսները ներկայացրին նաև համալսարանը, մագիստրոսական և ասպիրանտական տարբեր ծրագրեր, ինչպես նաև մանրամասնեցին իրենց կողմից ներկայացված դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:
Ֆրանսիացի հյուրերը կարևորեցին հայ-ֆրանսիական համագործակցությունը, նշելով որ դեռևս 2006թ.-ից համագործակցում են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ, համաղեկավարել են հայ շրջանավարտների գիտական աշխատություններ. այսօր նախկին ուսանողներն աշխատում են եվրոպական տարբեր համալսարաններում:
«Արդյունքներն իրապես գոհացնող են. մենք ամեն տարի ընդգրկում ենք նոր մագիստրանտների, ասպիրանտների, և բոլորը հաջողությամբ պաշտպանում են իրենց ատենախոսությունները: Լավագույն աշխատությունները տպագրվում են նաև առաջատար ամսագրերում»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց պրոֆեսոր Կլոդ Լերուան:
Սեմինարն անցկացվեց անգլերեն լեզվով, ընթացավ ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով. ուսանողները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու եվրոպական կրթական համակարգին:
Ուսանողներից մի քանիսն արդենիսկ դիմեցին տարբեր ծրագրերի, և դրական արդյունքի դեպքում հնարավորություն կունենան կրթությունը համատեղել Ֆրանսիայում և Հայաստանում:
Ստորև ներկայացված է հղում, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություն Բուրգունդիայի համալսարանի կողմից առաջարկվող միջազգային մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ՝ http://www.ubfc.fr/formationen/ :
Հարցերի դեպքում կարող եք գրել՝ yevgenya.pashayan-leroy@u-bourgogne.fr :