ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին  DAAD-ի ներկայացուցիչները
20.01.2022
Մանկավարժականում էին  DAAD-ի ներկայացուցիչները

ՀՊՄՀ-ում հյուրընկալվել էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության  (DAAD)  Թբիլիսիի տարածաշրջանային  գրասենյակի ղեկավար Գեբհարդ Ռոյլը և Հայաստանի DAAD կրթաթոշակային ծրագրերի  խորհրդատու Արևիկ Հարությունյանը:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության  (DAAD) Թբիլիսիի տարածաշրջանային  նոր գրասենյակի հետ համագործակցության մեկնարկը նախատեսված է   ՀՊՄՀ 100- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Համագործակցության արդյունքում՝  ՀՊՄՀ դասախոսները և ուսանողները հնարավորություն կունենան ոչ միայն դիմել կրթաթոշակների համար, այլև ստանալ խորհրդատվություն` Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի  հայաստանյան համակարգող, պատասխանատու-մասնագետ Արևիկ Հարությունյանից:

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային  համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը կարևորեց Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության դերը համալսարանի միջազգայնացման, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև բոլոր բնագավառները DAAD ծրագրում ներգրավելու հնարավորությունները:  

Բուհի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սրբուհի Լուլուկյանն էլ  ընդգծեց համագործակցության շնորհիվ միջֆակուլտետային, միջհամալսարանական և միջազգային կառույցների հետ կապի ընդլայման և կրթական որակի բարձրացման հնարավորությունները:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը ուսանողների և գիտնականների միջազգային փոխանակման խոշորագույն կազմակերպությունն է աշխարհում, իսկ  Հայաստանում միակ կրթաթոշակային կազմակերպությունը,  որը խրախուսում է բոլոր բնագավառների ուսանողներին և գիտնականներին:

Առաջին անգամ հայ ուսանողները կրթաթոշակներ են ստացել 1990թվականին. DAAD-ի կրթաթոշակներից օգտվել է ավելի քան 2500 հայ ուսանող և գիտնական:

Գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար DAAD-ն լավագույն հնարավորություն է ընձեռում ինչպես գերմանագիտության, այնպես էլ այլ բնագավառների մասնագետների և ուսանողների համար:

ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետը նույնպես ակտիվորեն համագործակցում է  տարածաշրջանային գրասենյակի հետ և այդ շրջանակներում հնարավորություն ստանում մասնակցել գիտահետազոտական ծրագրերին և վերապատրաստումներին: