«Գարուն, զատիկ, մայրություն» խորագրով ներկայացմամբ այսօր Մանկավարժական համալսարանում հանդես եկան «Փրկություն» հասարակական կազմակերպության սաները:
Դաունի համախտանիշ ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակներում անցկացվող միջոցառման նպատակն էր խրախուսել կենտրոնի սաներին և հասարակությանը ևս մեկ անգամ տեղեկացնել, որ մտավոր տարբեր խնդիրներ ունեցող երեխաներն էլ կարող են ներկայանալ բեմում, հանդես գալ կատարումներով:
Բեմադրության միջոցով կենտրոնի սաները Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների աջակցությամբ նախ ներկայացրին Սուրբ Հարության` Զատկական տոնի խորհուրդը, ապա երաժշտական կատարումներով շնորհավորեցին կանանց:
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ռոբերտ Ազարյանը ցավով նկատեց՝ չնայած դեռևս ծնվում են մտավոր տարբեր համախտանիշ ունեցող երեխաներ, սակայն նման ձեռնարկներով հասարակությունը և հատկապես Մանկավարժական համալսարանը փորձում է փոխել նման խնդիրներով մարդկանց առօրյան ու նրանց հասարակության լիիրավ անդամ դարձնել:
«Ներկայացումը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչի է ունակ մտավոր հետամնացությամբ անձը, երբ կա նրա հետ աշխատելու ցանկություն», -նշեց «Փրկություն» ՀԿ-ի տնօրեն Արփինե Աբրահամյանը և ներկաներին ևս մեկ անգամ հորդորեց՝ երեխաներին նայել հավասարի աչքերով:
Արփինե Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՊՄՀ-ում կենտրոնի սաներին կրկին հյուրընկալելու, ինչպես նաև բանիմաց և մասնագիտությանը պատասխանատվությամբ վերաբերվող ուսանողներ կրթելու համար:
Ի դեպ, Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողներն այդ կենտրոնում են անցկացնում մանկավարժական պրակտիկան: