ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին սփյուռքահայ գործիչներ
07.06.2023
Մանկավարժականում էին սփյուռքահայ գործիչներ

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը հաճախ է հյուրընկալում սփյուռքի գիտակրթական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների։

Պատմաբան Գևորգ Յազջյանի ուղեկցությամբ օրերս «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն էր այցելել ամերիկահայ մտավորական, խմբագիր, Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության և Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի վաստակաշատ ուսուցիչ, դոկտոր Մինաս Գոճայանը։ Վերջինս հեղինակել է «Պատմութիւն Չորք Մարզպանի (Տէօրթ Եօլ) / գիւղաքաղաք մը Կիլիկիոյ մէջ» (2005), «Մորմոքող անցեալի արահետներով/ուխտագնացութիւն դէպի Պատմական Հայաստան» (2013) և «Փիւնիկեան ափերէն» (2023) գրքերը։ 

Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը ներկայացրեց Կենտրոնի աշխատանքները, խոսեց սփյուռքահայ ուսուցիչների դասընթացների մասին: Երկխոսություն ծավալվեց արևմտահայերենի ու արևմտահայ մշակույթի պահպանության, կրթական խնդիրների, դժվարությունների հաղթահարման ճանապարհների շուրջ:

Կենտրոնում հյուրընկալվել էր նաև Մխիթարյան միաբան, «Բազմավէպ» հանդեսի օգնական խմբագիր Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Հանդիպման ընթացքում վարդապետ Օհանյանը խոսեց Միաբանության և իր հայագիտական հանձնառությունների, հայրենիքի հետ գիտակրթական սերտ կապերի մասին, ինչպես նաև ծանոթացավ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի  առաջնահերթություններին, «Սփյուռք» կենտրոնի հրատարակություններին, գործունեության հեռանկարներին: Ի դեպ, նա վերջերս է հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել «Մովսես Խորենացի» մեդալով: Նրա հայագիտական կարևոր աշխատությունների թվում են «Հայերէն-իտալերէն» (1995) եւ «Իտալերէն-հայերէն» (1996) բառարանները, Հայր Ղեւոնդ Ալիշանի եռահատոր «Նամականի»-ի կազմումը (2020-2021), ինչպէս նաև ամերիկյան մամուլի արձագանքներն ամփոփող «Հայկական ցեղասպանութիւն» (“The Armenian Genocide”) հատորները: