ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էին գործընկեր բուհի ներկայացուցիչները
01.04.2019
Մանկավարժականում էին գործընկեր բուհի ներկայացուցիչները

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 25-29-ը Մանկավարժական համալսարանում էին Իտալիայի Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչները՝ պրոֆեսորներ՝ աշխարհագրագետ Սիմոնե Բեթթին, պատմաբան Ֆրանչեսկո Բարտոլինին, ինչպես նաև միջազգայնացման ռազմավարությունների բաժնի ղեկավար Անդրեա Դեզին և Կրթության, մշակութային ժառանգության և զբոսաշրջության ֆակուլտետի միջազգային համագործակցության և հետազոտության բաժնի համակարգող Սառա Զուզուլոն:

Պրոֆեսորները դասախոսություններով հանդես եկան Պատմության և իրավաբանության և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների և դասախոսների համար: Դասախոսությունների հիմնական թեմաներն էին քաղաքային պատմությունը, եվրոպական քաղաքի պատմական ներածությունը, իտալական կրթական համակարգի աշխարհագրության դասավանդումը, Իտալական լանդշաֆտի ներկայացումը և այլն: Եղան նաև ակտիվ քննարկումներ:

Մաչերատայի համալսարանի միջազգային համագործակցության բաժինների ներկայացուցիչներն այցի ընթացքում հանդիպումներ ունեցան ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանի, աշխատակիցների, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողների և գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանների տեղակալների հետ:

Հայ և իտալացի գործընկերները քննարկեցին երկու բուհերի միջև համագործակցության արդյունքում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերը, ինչպես նաև քննարկվեց Մանկավարժական համալսարանի և Մաչերատայի համալսարանի միջև նախատեսվող հուշագրի բովանդակությունն և շրջանակները:

Միջազգայնացման ռազմավարությունների բաժնի ղեկավար Անդրեա Դեզին հյուրընկալվեց նաև Ռադիո Ֆամայում՝ ներկայացնելով  Մանկավարժական համալսարանի և Հայաստանի մասին իր տպավորությունները:

Նշենք, որ Մաչերատայի համալսարանի հետ Մանկավարժական համալսարանի համագործակցությունը մեկնարկել է 2018 թվականից Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում:

Ի դեպ, ապրիլի 1-5-ը Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանը և Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը դասախոսություններով հանդես կգան Մաչերատայի համալսարանում: