ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում են Լիոնի  նյարդաբանական կլինիկայի լոգոպեդները
12.10.2016
Մանկավարժականում են Լիոնի  նյարդաբանական կլինիկայի լոգոպեդները

Հոկտեմբերի 10-14-ը «Լոգոպեդական աշխատանքը նեյրովերականգնման համակարգում» թեմայով ՀՊՄՀ-ում  դասախոսություններով հանդես  են գալիս Ֆրանսիայի Լիոն քաղաքի  նյարդաբանական կլինիկայի լոգոպեդները:

Աֆազիա, աֆազիա-դիսֆազիա, դիսֆագիա, ամիտրոֆիկ սկլերոզ, ամիտրոֆիկ և բազմակի սկլերոզներ, պարկինսոնի հիվանդություն. «Լոգոպեդիա» մասնագիտացման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսումնական պլանով նախատեսված դասընթացի շրջանակներում լոգոպեդներ՝ հայազգի Աստղիկ Թոփուզխանյանն ու ֆրանսիացի Լորիան Բլանշեն առաջին անգամ լինելով բուհում  գործնականում ձեռք բերված  փորձն ու ոլորտի նորարարություններով կիսվում են  սկսնակ և արդեն կայացած մասնագետների հետ:

Ֆրանսիայից ժամանած մասնագետները, ովքեր գործանականից բացի, ունեն նաև դասախոսական հարուստ փորձ, դրական կարծիք հայտնեցին անցկացվող դասախոսությունների վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական, իսկ ներկայացվող նյութն օգտակար ուսանողների, համալսարանի, ինչպես նաև հայաստանյան հիվանդների համար:

«Հայտնի է, որ լոգոպեդներն աշխատում են ինչպես հանրակրթական,  այնպես էլ բժշակական հաստատություներում: Հայաստանում առավել զարգացած է կրթական ոլորտի  լոգոպեդիան, իսկ կլինիկայի ոլորտում աշխատանքներ դեռևս կան.  առավել շատ մասնագետներ ներգրավվելն անհրաժեշտություն ևս զգացվում է: Ծանոթ լինելով Ֆրանսիայի առաջատար կլինիկայի մասնագետներին՝  որոշեցինք նրանց հրավիրել Մանկավարժական համալսարան՝ ներկայացնելու  գլխուղեղի օրգանական ախտահարումներով պայմանավորված խոսքի խանգարումներին»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց  Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Ժաննա Պայլոզյանը:

Վերջինս հիմնական նորարարություններից համարեց այն, որ ներկայացվող նյութի շնորհիվ  կոտրվում է ավանդական կարծրատիպը, թե  խոսքի խանգարման դեպքում լոգոպեդը չունի  կամ շատ քիչ անելիք ունի:

Ժաննա Պայլոզյանը նաև նշեց,  որ դասախոսությունների ընթացքում օտարերկյա հյուրերը ներկայացնում են իրենց աշխատանքը, ընդգծելով, որ խոսքի խանգարումը պետք է դիտարկել որպես  հաղորդակցման խանգարում, և նույնիսկ ծանր ավարտ ունեցող հիավանդությունների դեպքում անհրաժեշտ է ուղեկցել հիվանդին՝ ապահովելով նրա հաղորդակցումն  ինչպես խոսքային, այնպես էլ  ոչ խոսքային միջոցներով:

old.aspu.am-ի հետ զրույցում դասախոսությունների վերաբերյալ դրական կարծիք հայտնեցին նաև ուսանողները՝ ընդգծելով փորձի փոխանակման, այլ երկրներում գործունեություն ծավալող մասնագետների աշխատելաոճն ու կիրառվող մեթոդները:

«Այս հանդիպումները փոխշահավետ են, լավ առիթ համեմատելու, միմյանց հետ կիսվելու ունեցած փորձով, ծանոթանալու թեստերի, հետազոտություններում եղած  տարբերություններին, բայցև համոզվելու, որ ուսումնառության ընթացքում քայլում ենք ժամանակին համընթաց»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց մագիստրոս Յանա Կարապետյանը՝ հավելելով, որ դասախոսությունները կրում են առավել պրակտիկ բնույթ՝  լրացնելով տեսական գիտելիքները:

Դասախոսություններն ամփոփվում են ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով. դրանց մասնակցում են նաև այլ հաստատություններից ոլորտի մասնագետներ: