ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր ամերիկացի պրոֆեսորը
02.03.2016
Մանկավարժականում էր ամերիկացի պրոֆեսորը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջարկով և Հատուկ կրթության ֆակուլտետի հրավերով «Ուսուցչի իմ փիլիսոփայությունը. կրթելու և ուսուցանելու 4 սկզբունքները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Քասելբերին:

Ներկայացնելով ամերիկացի հյուրին՝ Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը փաստեց ներառական կրթության ոլորտում պրոֆեսորի մեծ ներդրումն ու փորձը:

«Մեծապես արժևորում եմ այն, որ այսօր խոսելու եմ մի բանի մասին, որին նվիրված եմ հոգով և սրտով. իմ աշխատանքը երիտասարդացնում է ինձ»,-նշեց Մայքլ Քասելբերին, որը աշխատել է տարիների հաշմանդամություն ունեցող նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ:

Հանդիպման ընթացքում պրոֆեսորը կիսվեց մասնագիտական իր փորձով՝ հատկապես, թե ի՞նչն է կարևոր ուսուցանելու գործում:

Պրոֆեսորի կարծիքով՝ նման աշխատանքը հատուկ հմտություններ է պահանջում ուսուցչից, ով չի ուզում մեկ կամ երկու երեխայի համար փոխել ուսումնական ծրագիրը, և նաև ծնողից, ով մտահոգված է իր երեխայի ապագայի համար. «Համոզված եմ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման գործում միասնական ջանքերով կարելի է հասնել արդյունքի»:

Դոկտոր Մայքլ Քասելբերին համոզված է՝ ամեն ինչ չէ, որ գիտի, սակայն մի բանում վստահ է՝ գիտի գրեթե ամեն ինչ: Երկարամյա փորձով համոզվել է, որ աշխատանքում պետք է կարևորել 4 բաղադրիչ՝ սովորողը, սովորեցնողը, առարկան կամ բովանդակությունը և մեթոդիկան, որոով պետք է մատուցել բովանդակությունը:

«4 բաղադրիչները մշտապես ինձ հետ են, երբ ես սովորեցնում եմ»,-խոստովանում է բարձրագույն կրթական համակարգում 43 տարվա փորձ ունեցող պրոֆեսորը և հավելում.«Երբ դասավանդում եմ, անում եմ ամեն ինչ, որ ասելիքը լինի հասանելի. եթե բովանդակությունը չի հասնում սովորողին, ուրեմն ես չեմ դասավանդում»,-ասում է պրոֆեսորը և հանգմանորեն ներկայացնում այն բոլոր քայլերի հաջորդականությունը, որոնց միջոցով ու շնորհիվ կարելի է հաջողության հասնել ներառական կրթության ոլորտում:

Ամերիկացի պրոֆեսորի դասախոսությունն ընթացավ հարց ու պատասխանով և ներառական վիճահարույց հիմնախնդիրների շուրջ ակտիվ քննարկմամբ:
Մարտի 3-ին Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի Ամերիկյան անկյունում դոկտոր Մայքլ Քասելբերին հանդես կգա «Ներառական կրթություն. ինչպես «դեմ»-ը դարձնել «կողմ»» թեմայով բաց դասախոսությամբ: