ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Արկադի Տեր-Թադևոսյանը
15.12.2015
Մանկավարժականում էր Արկադի Տեր-Թադևոսյանը
«Երբ փոքր էի, տատս ինձ թուրքով էր վախեցնում. hամոզված եմ՝ թշնամին հիմա իր զավակին հայով է սպառնում»,-տարիների հեռվից հիշում է Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հյուր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը)՝ հենց սկզբում հպարտությամբ նշելով՝ հայ զինվորը քաջությունն իր գենի մեջ է կրում:
 
Արցախի հերոսն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկայիս լարվածությանը, թշնամու ապօրինի գործողություններին, դրանց համարժեք պատասխան տալու հայկական կողմի դիրքորոշմանը, վերհիշեց պատառիկներ Շուշիի ազատագրումից և տարբեր տարիների ռազմական գործողություններից:
 
 «Շուշին ինչպե՞ս ազատագրեցիք հարցը ոչ թե ինձ, այլ զինվորին տվեք, որի կողքին օրնիբուն նաև հասարակ ժողովուրդն է եղել և ուժերի ներածին չափով սատարել ռազմի դաշտում գտնվողներիս՝ մեզ հետ հավասար պայքար մղելով»,-նշում է Արկադի Տեր-Թադևոսյանը՝ վստահեցնելով, որ հայ ժողովուրդը զարմանալի ուժեղ ազգ է, պարզապես երբեմն շեղվում է ճիշտ ուղուց և վրիպում:
  
Ազգային հերոսը տարբեր առիթներով և ձեռնարկների շրջանակներում շփվում է երիտասարդների հետ, ցավով  է նկատում՝ ներկայիս կյանքը և ցանկությունները չեն համընկնում. նրանց համար ամեն ինչ հոգում են ծնողները, երիտասարդներն էլ  չունեն ապագայի հանդեպ ձգտում:
 
Պատերազմի բովով անցած հերոսը ներկաների խնդրանքով վերհիշեց նաև ռազմաճակատ կնոջ ուղարկած նամակը, որտեղ բացի զավակների և կնոջ ջերմ խոսքերից, կարևոր այլ բան կար՝ թշնամուն հաղթելու սխեմա:
  
«Կամքն ու հայրենասիրությունը չեն կարող փառաբանվել, եթե չլինեն խելացի առաջնորդներ և ռազմական գործիչներ, որոնց շնորհիվ մի բուռ արծիվներ դիպուկ հասել են նշանակետին»,-նշեց Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանը՝ ուսանողներին հորդորելով օրինակ վերցնել միայն լավագույններից:
 
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ռազմահայրենասիրական դասի համար՝ վստահեցնելով, որ հանդիպումը վաղվա զինվորների և մայրերի մեջ հայրենասիրական բարձր ոգի սերմանեց:
 
 Ուսանողները շնորհակալություն հայտնեցին Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենանվեր գործունեության համար՝ խոստանալով ձգտել նրա և իր զինակից ընկերների արյամբ վաստակած պայքարին: