ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Արշավիր Գաբուջյանը
20.02.2024
Մանկավարժականում էր Արշավիր Գաբուջյանը

«Արշավիր Գաբուջյանը բացառիկ հայ մարդ է, գիտնական, հոգևորական, գրող»,-ասում է ՀՊՄՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Տեր-Գրիգորյանը։

«Դանիական հայկական բարեգործական առաքելություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, աստվածաբան, Գևորգյան ճեմարանի դասախոսը Մանկավարժականում էր։ Սկզբնական կրթության ֆակուլտետի 3-4-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էին նաև վերջերս աբովյանականների շարքերը համալրած արցախահայ ուսանողները։

Դեկան Հեղինե Խաչատրյանը վստահեցրեց՝ հայր Արշավիրի դասախոսության մերօրյա ուղերձները կհետաքրքրեն ուսանողներին, կօգնեն արցախահայ ուսանողներին հաղթահարել դժվարություններն ու ստեղծված իրավիճակը։

Հայր Արշավիրի գործունեությանն անդրադարձավ դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանը՝ նկատելով՝ հեղինակել է բազմաթիվ աստվածաբանական գիտական աշխատություններ, կրոնական դասագրքեր, գրական ժողովածուներ։

Մինչ դասախոսությունը, ներկաներն ունկնդրեցին իտալական օպերայից մի խմբերգ՝ ստեղծված Սաղմոս Երեմիայի 137-ի հիման վրա, որի  մեկնությունն էլ ներկայացրեց Արշավիր Գաբուջյանը։

Բանախոսն անդրադարձավ Երուսաղեմի ավերմանն ու իսրայելցիների գերեվարմանը բաբելացիների կողմից՝ փոխանցելով գլխավոր ուղերձը՝ չպետք է ենթարկվել ստորացումների․ անհրաժեշտ է հավատարիմ մնալ Աստծուն․« Ավերածությունների ընթացքում, սակայն, երկու բան կենդանի մնաց՝ Աստծո խոսքը և Երուսաղեմ վերադարձի տեսիլքը»,-նշեց հայր Արշավիրը։

Վերջինս դիմեց արցախահայերին և հորդորեց երբևէ չկորցնել բարբառը, ինքնությունն ու համախումբ ապրել․ դա վերադարձի միակ երաշխիքն է․«Մենք մոռանում ենք այն խոստովանությունը, որ Արցախը մերն է, որ 5000-ամյա պատմություն ունենք։ Իսրայելի ժողովուրդը 40 տարի թափառեց անապատում, բայց վերադարձավ իր հայրենիք։ Սաղմոսը նաև մխիթարություն ու քաջալերություն է բերել բոլոր նրանց, ովքեր հավատացին իրենց Աստծուն»,- նշեց նա։

Մեկնելով սաղմոսը՝  բանախոսը փաստեց՝ այն  համահունչ է այսօրվան․պետք է ապավինել Աստծուն և մեզ։

Ավարտին ուսանողները հարցեր ուղղեցին բանախոսին, ապա գիրք նվիրելու օրվա խորհրդով նրան նվիրեցին Սաթի Վարդանյանի՝ «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գիրքը։