ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը
24.03.2016
Մանկավարժականում էր Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դուբկովսկու գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ռեկտորը նկատեց՝ տևական ժամանակ է, որ բուհը սերտորեն համագորգակցում է Բելառուսի պետական մանկավարաժական համալսարանի հետ. համատեղ իրականացվում են դասախոսների փոխանակման ծարգրեր, իսկ վերջին տարիներին ուսանողները երկուստեք մասնակցում են նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր դասավանդվող առարկա ներդրման գործընթացի առանձնահատկությունների, ինչպես նաև բուհում գործող Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիայի մասին:

«Աշխարհի առաջատար կրթական հաստատությունների հետաքրքրությունն առաջացրած «Շախմատը դպրոցում» ծրագիրը հայկական կրթական բրենդն է.բուհի լաբորատորիայի կոմպետենտ հոգեբաններն ու սոցիոլոգները տևական ժամանակ կատարում են լուրջ հետազոտություններ՝պարզելու շախմատի ազդեցությունը սովորողների զարգացման և կրթական մյուս առարկաների վրա, իսկ առաջատար միջազգային հանդեսներում արդենիսկ տպագրվել են բազմաթիվ հոդվածներ»,-նշեց ՀՊՄՀ ռեկտորն ու հավելեց՝ շախմատը մեր կրթական համակարգի հիմնական թիրախն է:

Բելառուսի Հանրապետության Սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դուբկովսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նկատեց՝ այցելությունը հանրակրթական մի քանի դպրոց, մասնակցությունը ուսումնական գործընթացին, ստիպում են չթաքցնել իրենց հիացմունքը՝ դասավանդման ընթացքի և դրանով հետաքրքրված աշակերտների վերաբերյալ:

Հայկական փորձի կիրառումը կնպաստի Բելառուսի Հանրապետությունում շախմատի ավելի մասսայականացմանը և զարգացմանը. «Շախմատի ներդրումը դպրոցում սոսկ մեթոդապես չպետք է լինի. հարցն առավել ընդգրկուն է ՝ մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա: Սա այն դեպքն է, երբ չարժե շտապել. անհրաժեշտ են հետևողական քայլեր՝ կադրերի պատրաստման և մյուս հարցերը կարգավորելու առնչությամբ: Մեր երեխաների առողջության, նրանց զարգացման համար շախմատն է գործընկերային հարաբերությունների և համագործակցության հիմքը.ձեր մասնագետների հետ հանդիպումները, խորհրդատվությունն ու օգնությունը կօգնեն այդ ամենի իրագործմանը»:

Հյուրերը Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ այցելեցին Շախմատի կրթական հետազոտությունների լաբորատորիա, շախմատի լսարան՝մասնագետների հետ զրուցելու, գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով: