Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգը:
Այցի նպատակն էր քննարկել և նախանշել բուհի հետ համագործակցության ուղղությունները:
Դեսպանը շրջեց ՀՊՄՀ-ի թանգարանում, ծանոթացավ մանկավարժներ պատրաստող բուհի պատմությանն ու ժամանակագրությանը, ապա հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Ռեկտոր Ռուբեն Միրզզախանյանը ողջունեց դեսպանին և հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կծնվեն հետաքրքիր ծրագրեր: «Ներկայումս մեր բուհում սովորում է 3 չին ուսանող:Վստահ եմ, որ հանդիպումը կունենա գործնական արտահայտություն, որում մեծ կլինի մեզանից յուրաքանչյուրի առանձանահատուկ ներդրումը»:
Թիեն Ըրլոնգը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և նկատեց, որ հանդիպումը թույլ կտա կատարել որոշ հետևություններ արդյունավետ համագործակցության համար:
Համեմատելով Չինաստանում և մեր երկրում սովորողների թիվը՝ դեսպանը նկատեց, որ երկու ժողովուրդներն էլ մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը, ինչպես նաև մշակութային և ընտանեկան ավանդույթները պահպանելուն. «Կրթությունը կարծես հայ և չին ժողովուրդների գենի մեջ է»:
Մեր երկրում Չինաստանի դեսպանը վստահեցրեց, որ դեսպանության աշխատանքային ուղղություններից մեկն էլ կրթական ոլորտում համագործակցություն ծավալելն է, ինչը թույլ կտա ավելացնել երկու երկրներում սովորող հայ և չին ուսանողների թիվը: Թիեն Ըրլոնգը նաև հույս հայտնեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, դեսպանության և Մանկավարժական համալսարանի համատեղ աշխատանքները կնպաստեն համագործակցության բազմակողմանի և ավելի կոնկրետ արդյունքներ արձանագրելուն:
Արդեն երկու տարի է՝ Մանկավարժական համալսարանի համար 57 դպրոցի տարրական դասարաններում ներդրվել է չինարեն առարկան, որի ուսուցման հաջողություններին անդրադարձավ դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը:
Նա խոստովանեց՝ գործը մեկնարկելիս կային մտավախություններ, սակայն հիմա ակնհայտ է՝ արդյունքները շոշափելի են. «Կարևոր է ոչ միայն արդյունքը, այլև այն, թե ինչ հետաքրքրությամբ են աշակերտները սովորում լեզուն»,-նշեց Նաիրա Տողանյանն ու ներկայացրեց առաջիկա անելիքները: Ի դեպ, հիմնական դպրոցի աշակերտները հյուրերին ողջունեցին չինարեն երգով և բանաստեղծություններով, իսկ բուհի գիտական գրադարանի հումանիտար ընթերցասրահում բացվել է չինական պատմության և աշխարհագրության վերաբերյալ հայերեն և ռուսերեն գրքերի, չինարենի ուսուցման դասագրքերի ցուցադրություն:
Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի չին շրջանավարտ Վան Հայջնը գերազանց առաջադիմությամբ սովորել է նախ բակալավրիատում, ապա կրթությունը շարունակել մագիստրատուրայում և ասպիանտուրայում: Մեր երկրում իր հայրենիքի դեսպանի հետ հանդիպման ընթացքում նախ շնորհակալություն հայտնեց բուհին որակյալ կրթություն տալու համար, ապա խոստովանեց՝ դասախոսների շնորհիվ սիրեց Հայաստանն ու ռուսաց լեզուն:
Հանդիպման ընթացքում Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը, Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Իննա Սարկիսյանը, Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դասախոս Արա Մխոյանն ու Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրին համապատասխան ֆակուլտետի և ամբիոնների աշխատանքային ու համագործակցության հնարավոր ուղղությունները: