ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր  դեսպան Նիկոլաս Սխերմերսը
15.11.2021
Մանկավարժականում էր  դեսպան Նիկոլաս Սխերմերսը

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն այսօր հյուրընկալել էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Նիկոլաս Սխերմերսին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Աշոտ Խոեցյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ ընդգծելով, որ բուհի համար պատիվ է ընդունել մի երկրի դեսպանի, որը ժողովրդավարության առումով օրինակելի է նաև մեր երկրի համար. «Հայաստանը և Նիդերլանդները թեև իրարից շատ են տարբերվում ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհագրական նկարագրով, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել ակնկալվող համագործակցությանը: Այս հանդիպումն էլ  միտված է կրթական ասպարեզում մեր երկու երկրների միջև փոխկապերի ստեղծմանն ու զարգացմանը, այն  կարևոր է նաև ապագային ուղղորդված համագործակցային շփումների տեսանկյունից»:

Ռեկտորի պաշտոնակատարը դեսպանի հետ զրույցում նկատեց՝ Նիդերլանդները դասական հարթավայրային երկիր է՝ հզոր տնտեսությամբ, իսկ Հայաստանը՝ նոր զարգացող, դասական լեռնային երկիր. երկու երկրների տարածքները գրեթե նույնն են, բայց անհամեմատ տարբեր են բնակչության թվաքանակով. «Հույս ունեմ, որ երկու երկրների միջև արդյունավետ շփումների համար ընդհանուր եզրեր կգտնվեն»:
 
Հանդիպման ընթացքում Աշոտ Խոեցյանը Նիկոլաս Սխերմերսին ներկայացրեց համալսարանի ներկայացուցչական կազմը, բուհը, ստորաբաժանումները, կրթական համակարգը, մասնագիտություններն ու ընդգծեց՝ ՀՊՄՀ-ն հանրապետությունում մանկավարժներ պատրաստող  հիմնական դարբնոցն  է. մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մանկավարժական որակյալ կադրերի պատրաստմանը:

Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց՝ 2022 թվականին Մանկավարժական համալսարանը կբոլորի իր հիմնադրման 100 տարին.հոբելյանին  նախապատրաստվում են խնամքով և ամենայն պատասխանատվությամբ:

«Մեր նպատակն է ստեղծել ուսանողների կարողությունների զարգացմանը նպաստող միջավայր և ծրագրեր, զարգացնել հետբուհական կրթությունը, ինչպես նաև կրթության վրա հիմնված ձեռնարկատիրական ներքին կարողություններ: Առաջիկայում  նախատեսում ենք ստեղծել  նաև վերապատրաստման կենտրոններ, ինչպես նաև  գործածել շենքային բոլոր ռեսուրսները.այդ տեսանկյունից շատ ենք կարևորում եվրոպական երկրների հետ համագործակցությունը»,-զրույցի ընթացքում նշեց Աշոտ Խոեցյանն ու հավելեց՝  հուսով ենք՝  եվրոպական կրթական տարածքի շրջանակում կզարգացնենք համագործակցային կարողությունները, իսկ նորագույն տեխնոլոգիաների միջոցով  կբարձրացնենք  դասավանդման որակը՝ խթանելով  ուսանողների շարժունակությունը:

Աշոտ Խոեցյանը  ընդգծեց բուհի նախադպրոցական և հոգեբանական կրթություն իրականացնող ամբիոնների աշխատանքը, մշակութային ուղղվածության մասնագիտությունները,  որպես բուհի մենաշնորհ էլ դիտարկեց ներառական կրթությունը, որն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում:

«Գիտակրթական ոլորտը ցանկացած երկրի համար համագործակցության կարևորագույն ասպարեզն է»,- նկատեց Աշոտ Խոեցյանն ու հավելեց՝ տեղյակ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նիդերլանդների մեծ ներդրման մասին:

ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը հայերենով սկսեց զրույցը և նշեց՝ ուրախ է ծանոթանալու  և քննարկման հնարավորության  համար: Վստահ է՝   հանդիպումը կնպաստի Մանկավարժական համալսարանի և Նիդերլանդների Թագավորության դասական համալսարանների միջև կապերի ստեղծմանը:

«Մեր առաքելությունն է երկու երկրների միջև ստեղծել և իրականացնել ծրագրեր տարբեր ոլորտներում: Հայաստանում բացված դեսպանությունն էլ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար է: Ներկայացուցչությունն ունի բազմաթիվ ծրագրեր ու մտահղացումներ՝ տնտեսական ու քաղաքական առաջնություններ, որտեղ մենք հատկապես կարևորում ենք մարդու իրավունքների պաշտպանությունը»,- հավելեց դեսպանը:

Հանդիպմանը ներկա բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, ի հավելում դեսպանի այն խոսքի, որ Նիդերլանդները կրթաթոշակային ծրագրեր չունի, հուշեց՝ այդ հարցում կարող են համագործակցել Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակում:

Տարիներ առաջ ինքն էլ է շահել Նիդերլանդների պետական դրամաշորհ՝ մագիստրոսական կրթությունը շարունակելով էրգոթերապիա մասնագիտությամբ:

Նիկոլաս Սխերմերսը վստահեցրեց՝ սիրով կմասնակցի բուհի 100-ամյակի ձեռնարկներին, ապա  հիշեցրեց հայ-հոլանդական դիվանագիտության 30-ամյակի մասին՝ ընդգծելով՝  երկուսն էլ լավ առիթ են համագործակցելու, մասնագիտական շփումների ու մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում   քննարկվեցին նաև  բուհի  մի քանի մասնագիտությունների գծով հնարավոր համագործակցության, Հայաստանում գործող հայ-հոլանդական կազմակերպությունում պրակտիկայի հնարավոր կազմակերպման և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանի ուղեկցությամբ դեսպանը եղավ  ՀՊՄՀ թանգարանում, ծանոթացավ  100-ամյա բուհի անցյալ ու ներկա տարեգրությանը: