ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը
22.02.2024
Մանկավարժականում էր Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպանը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և դեսպանի տեղակալ Միխաելա Յերժաբկովային։

Հանդիպմանը ներկա էին նաև բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց դեսպանին մանկավարժական մայր բուհում հյուրընկալվելու առթիվ և հույս հայտնեց, որ կրթական ոլորտում ունեցած Չեխիայի բազմադարյա փորձն ու դերակատարումն իր արտացոլումը կունենա նաև Մանկավարժականի պարագայում։

Պրոֆեսոր Գևորգյանը կարծում է, որ միջազգային փոխհարաբերություններում համալսարանական համագործակցությունն ամենարդյունավետն է՝ երկրների, սերունդների արժեբանության տեսանկյունից․այդպես է և՛ Չեխիայում, և՛ Հայաստանում։

ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, ով պաշտոնանավարում է արդեն մեկ տարի, որոշել է անձամբ ծանոթանալ երևանյան բուհերին։ Մանկավարժականի մասին շատ է լսել, այդ թվում՝ բուհի շրջանավարտների հետ հանդիպումներից․ տպավորված է մասնագիտությունների թվով, ուսանողական մեծ համայնքով։ Դեսպանը նշում է՝ որոշել է անձամբ հյուրընկալվել բուհում՝ կրթության ոլորտում համագործակցության, մասնագիտական ոլորտներում հնարավոր փոխհարաբերություններ ծավալելու նպատակով։

Պետր Պիրունչիկը հետաքրքրվեց դպրոցի զարգացմանն ուղղված բուհի քայլերով, շրջանավարտների՝ մանկավարժությամբ զբաղվելու ցանկության, հեռանկարների մասին։ Կողմերը խոսեցին նաև կրթության արդի հարցերի, ժամանակակից սերնդի մասնագիտական հետաքրքրությունների և առկա պահանջների մասին։

Ռեկտոր Գևրգյանն ընդգծեց՝ Մանկավարժականը միակ բուհն է հանրապետությունում, որ պատրաստում է նախադպրոցական կրթական հաստատությունների մասնագետներ, տարրական դասարանների ուսուցիչներ, նաև՝ հատուկ մանկավարժներ։ Ռեկտորը հավելեց՝ ներկայիս սերունդը մասնագիտության հարցում հակված է ընտրել տեղեկատվական հաղորդակցման ոլորտը, իսկ մանկավարժի մասնագիտությունն առավել հրապուրիչ և պահանջված դարձնելու համար քայլեր է ձեռնարկում նաև ՀՀ կառավարությունը, այդ թվում՝ ԲՏՃՄ ոլորտում։

Դեսպանը մանկավարժական ֆակուլտետի շրջանավարտ է և սեփական փորձով ու վիճակագրությամբ գիտի՝ Չեխիայում ևս մանկավարժական ֆակուլտետներ ավարտած շրջանավարտներից քչերն են աշխատում մասնագիտությամբ։ Պետր Պիրունչիկը, սակայն, լավատես է․ Չեխիայում ընթացող կրթական համակարգի բարեփոխումները միտված են արդի առաջնահերություններին և մարտահրավերներին։

Սրբուհի Գևորգյանը երկրորդում է՝ մեր հանրապետությունում ևս կան ուսուցիչների թափուր տեղեր․ ՀՊՄՀ-ն, իր վարած քաղաքակնությամբ, փորձում է նպաստել դպրոցներում աշխատատեղերի համալրմանը։

Կրթական ծրագրերի, մանկավարժական հարացույցի լիարժեք վերանայումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը դասապրոցեսում ևս միտված է դրան։ Կողմերը խոսեցին նաև վերջին 30 տարում մանկավարժական կրթության, մանկության սուբյեկտի փոփոխությունների մասին և կարևորեցին ու՞մ, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով դասավանդելու հարցադրումները։

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց բուհի միջազգային կապերը, խոսեց չեխական երկու առաջատար բուհերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային մի շարք ծրագրերում ներգրավվածության մասին։ Կողմերը պայմանավորվեցին ընդլայնել կապերը, համագործակցել նաև չեխական այլ բուհերի հետ, ներգրավվել երկկողմանի ամենատարբեր ծրագրերում։

Այցի ավարտին չեխ հյուրերը եղան բուհի թանգարանում, ծանոթացան պատմությանն ու ժամանակագրությանը: