ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Հայաստանում ՌԴ դեսպանը
24.03.2022
Մանկավարժականում էր Հայաստանում ՌԴ դեսպանը

Մանկավարժական համալսարանի նորընտիր ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այսօր հյուրընկալեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա էին նաև բուհի Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանն ու Մարիամ Իսպիրյանը:

Սրբուհի Գևորգյանը ողջունեց դեսպանին մանկավարժական մայր բուհում հյուրընկալվելու առթիվ և հավաստիացրեց՝ նոր ղեկավարությունը կշարունակի կառույցների միջև եղած ակտիվ գործընկեությունը: Ռեկտորը հույս հայտնեց, որ կծավալվի արդյունավետ համագործակցություն՝ նպաստելով հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը՝ նաև կրթության ոլորտում:

ՀՊՄՀ ղեկավարը նշեց՝ Մանկավարժական համալսարանն արդեն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության փորձ ունի ռուսական մի շարք կրթական հաստատությունների հետ՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, Մանկավարժական պետական համալսարանների, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Գերցենի անվան ռուսաստանյան պետական մանկավարժական և այլ համալսարանների հետ: Գործընկերությունն օգնում է համատեղ ուրվագծել այն հնարավորություններն ու հեռանկարները, որոնք անհրաժեշտ են նոր ժամանակների մանկավարժ պատրաստելուն:

Ռեկտորը ռուսերենի դասավանդման զարգացման գործում կարևոր քայլ համարեց բուհում «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնի բացումը, նկատելով, որ այստեղ պարբերաբար կազմակերպվում են գիտաժողովներ, սեմինարներ, դասավանդողների որակավորման բարձրացմանը միտված տարատեսակ ձեռնարկներ:

Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ դպրոցներում և բուհերում ռուսերենի ուսուցումն ունի վերանայման կարիք: Դասավանդումն անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակակից մեթոդներին. այդ առումով կարևոր է նաև մարզային դպրոցների ներգրավվածությունը։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր աջակցությունը հայտնեց բուհի ղեկավարությանը կրթական տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բուհի գիտաուսումնական գործընթացների համատեքստում դեսպանն անդրադարձավ ռուսաց լեզվի զարգացման խնդիրներին և կարևորեց համատեղ ձեռնարկների կազմակերպումը՝ փաստելով, որ վերջին տարիներին ստեղծվել են սերտ կապեր և իրականացվել համատեղ մի շարք միջոցառումներ:

«Հայաստանում ռուսերենի դասավանդման որակի բարելավման կարիք կա: Խորհրդային տարիներին ռուսերենը համարվում էր պարտադիր առարկա, այժմ օտար լեզվի կարգավիճակ ունի»,-հանդիպման ընթացքում նշեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը:

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության առումով կարևորեց ՀՊՄՀ-ի «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը: Վերջինս նշեց՝ առաջիկայում նախատեսվում է իրականացնել նմանատիպ մեկ այլ ծրագիր, որում ընդգրկված կլինեն միայն ՌԴ կրթական հաստատությունները:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և վստահեցրեց՝ առաջիկայում կներեկայացնեն կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնք կնպաստեն բուհ-դպրոց-դեսպանատուն եռակողմ համագործակցության արդյունավետությանը: