ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հայ-սերբական գրական և մշակութային կապերին նվիրված ցերեկույթ:
Բուհում հյուրընկալվել էր Հայաստանում Սերբիայի դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը:
ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն արժեքավոր համարեց հայ-սերբական մշակութային կապերի ամրապնդմանը նվիրված ձեռնարկը՝ նկատելով, որ երկու ազգերի ճակատագրերը նույնաբովանդակ են։
«Տառապանքի եղբայրներ»․ Սրբուհի Գևորգյանը պատահական չհամարեց հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանի այս եզրույթը՝ հավելելով, որ հայերը, սերբերը, հրեաները պատմականորեն արժանացել են նույն վայրագություններին։
Սրբուհի Գևորգյանն անդրադարձավ հայ ժողովրդի ողբերգական էջերին, նշելով՝ դրանց պատճառով աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում ՝ Սերբիայում, ձևավորվել են հայկական գաղթօջախներ, որտեղ հաստատվել են ամուր փոխներգործություն և մշակութային կապեր։
Բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ ցերեկույթին ներկա ուսանողները կկարևորեն հայ-սերբական գրական և մշակութային կապերի բաղադրիչը և գիտամանակվարժական գործունեությամբ կապոհվեն նոր վերելք՝ բազմադարյան պատմամշակութային ժառանգությանը։
Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը հույս հայտնեց, որ միջոցառումը կնպաստի սերբ-հայկական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը, իսկ բուհի հետ համագործակցությունը նոր ուղի կբացի Հայաստանում սերբերենի դասավանդման համար։
«Մշակութային կապերը մյուս ոլորտների հիմքն ու կարևոր առանցքն են, նաև խթան՝ դիվանագիտական հարաբերությունների զարգացման, մեր ժողովուրդների փոխճանաչման և փոխմերձեցման համար։ Մշակույթի և գրականության լեզուն ամենաընկալելին է, իսկ մշակութային ժառանգությունը՝ յուրաքանչյուր ազգի գոյության և գոյատևման կարևոր պայման»,-նշեց Հայաստանում Սերբիայի դեսպանը և վստահեցրեց՝ առաջիկա տարիներին դիվանագիտական առաքելության ընթացքում իր գործունեության կարևոր մասն առնչվելու է այդ կապերի խորացմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
Բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը նկատեց՝ իր ղեկավարած ֆակուլտետը սիրահարված է սերբական մշակույթին, և նման միջոցառումներն այստեղ պարբերաբար են կազմակերպվում։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն էլ հավելեց՝ սերբերը հայերի անկեղծ բարեկամներն են․ մշակութային ավանդույթներով հարուստ ժողովուրդ, որ նաև խաղաղասեր են։
Ցերեկույթին «Հայ-սերբական մշակութային կապեր» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, գրող, թարգմանիչ, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երկու երկրների հրատարակչական գործունեությանն ու գրական ամուր կապերին։
Դասախոսությունն ուղեկցվեց տեսանյութերով և սերբական հայրենասիրական ու քնարական երգերով: