ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը
12.05.2023
Մանկավարժականում էր հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը

Այսօր ՀՊՄՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը Հասմիկ Սիմոնյանը ներկայացրեց hնամարդաբանական հավաքածուների ուսումնասիրության կենսահնագիտական մեթոդները և Հայաստանի երկաթեդարյան հնամարդաբանական հավաքածուների ուսումնասիրության հիմնական արդյունքները:

Բանախոսն ընդգծեց, որ մարդաբանական ուսումնասիրությունները կատարվել են ժամանակակից նորագույն մեթոդներով` հայտնաբերված ցանկացած կենսաբանական մնացորդների (կենդանական և բուսական աշխարհ) ուսումնասիրությամբ։ Ուսումնասիրությունների նպատակն է ամրապնդել հնագիտական մեկնաբանությունները և առաջարկել նոր հեռանկարներ անցյալի մշակութային իրողությունների վերհանման վերաբերյալ:

Գիտաշխատողը կարևորում է մարդաբանական նյութերի ուսումնասիրումը՝ նշելով․ «Հնագույն հասարակություններն ուսումնասիրելու մեթոդը եղել է պեղումը, դրանից ստացված նյութերը։ Ովքե՞ր են ստեղծել հասարակությունները, ինչպե՞ս են մտածել, ապրել այդ մարդիկ, կյանքի ի՞նչ տևողություն, հիվանդություններ են ունեցել, ի՞նչը կարող է լինել մահվան հավանական պատճառը, ո՞ր տարիքում են մահացել․ այս և այլ հարցերի պատասխանները տալիս է կենսահնագիտությունը՝ որպես հնագիտական գիտակարգ»։

Հասմիկ Սիմոնյանը հավելեց նաև, որ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում իրագործում է իրազեկման ծրագիր՝ աշակերտներին տեղեկացնելու այս մասնագիտության մասին, քանի որ ոլորտում մասնագետների խիստ պակաս կա։

Դասախոսության ավարտին ծավալվեց քննարկում․ մասնակիցները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։