ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր կենսաբան Արևիկ Մինասյանը
04.03.2025
Մանկավարժականում էր կենսաբան Արևիկ Մինասյանը

Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ կենսաբանական գիտությունների թեկնածու, ամերիկյան Founder of X Theory կազմակերպության հիմնադիր Արևիկ Մինասյանը:

Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում մասնագիտական գործունեություն ծավալած բանախոսը, որ նաև անցել է մի շարք վերապատրաստումներ, ներկայացրեց «Խելացի սնունդը որպես երկարակեցություն», «Ապագա թվային հեղափոխությունն այստեղ է․ ինչպես հաջողության հասնել Linkedin-ի հետ» թեմաները։

Արևիկ Մինասյանը հանդիպման սկզբում նկատեց ՝ այցի նպատակը գիտելիք հաղորդելը չէ, այլ օգնել պրակտիկայում կիրառել այդ գիտելիքը․ նախ ներկայացնել երկարակեցության գաղտնիքը, ապա նաև ուղղորդել հասկանալու սոցցանցերի ստեղծարար հնարավորությունը։

Հյուրը դասախոսության առաջին մասում ներկայացրեց գիտնականների այն պնդումները, որ մարդը կարող է ապրել 150 տարի․ միայն թե պետք է ճշգրտորեն հետևել երկարակեցության 4 բանաձևին՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, մտավոր աշխատանք, ճիշտ սննդակարգ և սթրեսի կառավարում։

Կենսաբանության ոլորտում ավելի քան 12 հայտնագործության և 45 գիտական հոդվածի հեղինակ Արևիկ Մինասյանն ինտերակտիվ ձևաչափով անցկացվող դասախոսության շրջանակներում վստահեցրեց՝ բնությունն ի սկզբանե ստեղծել է մարդուն, որ նա լինի առողջ, ապրի երկար, սակայն կյանքի ընթացքում մարդը կորցրել է այդ հնարավորություններն ու ստիպում է իր օրգանիզմին արագ ծերանալ, կյանքի տևողությունը կրճատելով ուղիղ կեսով․«Աշխարհում գենետիկ հիվանդություններ գրեթե չկան․99 տոկոս հիվանդություններն առաջանում են սխալ սննդի պատճառով»,- վստահեցրեց բանախոսն ու գենետիկայի տեսանկյունից խոսեց ներբջջային փոփոխությունների, ցողունային բջիջների ակիվության անհրաժեշտության, սթրեսադիմացկունության, սեփական հիվանդությունները կանխելու հնարավորությունների մասին և այլն։

Արևիկ Մինասյանն իրատեսական համարեց անգամ 100 տարեկանում սեփական կյանքն արժանապատիվ ապրելու հնարավորությունը․ նա իր փորձով ներկայացրեց սոցցանցերում, մասնավորապես՝ Linkedin բիզնես առաջատար պլատֆորմում հաջողության հասնելու գաղտնիքները։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասախան։