Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումները բուհում շարունակվում են։
Օտար լեզուների ուսուցման ամբիոնն այսօր հանդես եկավ հետաքրքրիր նախաձեռնությամբ՝ ընդգրկելով բուհի բոլոր՝ 10 ֆակուլտետների ուսանողներին։
«Մանկավարժականում էր Խաչատուր Աբովյանը»․ 21-րդ դարում «վերադառնալով» հայրենիք, Մեծ Լուսավորիչը հաճելիորեն զարմանում է՝ տեսնելով, որ հանրապետության մանկավարժական կադրեր պատրաստող մայր բուհը կրում է իր անունը։
«Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անումին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ»,-Խաչատուր Աբովյանն իր հայտնի պատգամը հղեց երիտասարդ ուսանողներին։
Վերջիններս անգլերենով Մեծ Լուսավորչին ներկայացրին իրենց ֆակուլտետի հիմնադրման պատմությունը, գործող մասնագիտությունները, անվանի շրջանավարտներին, միջազգային համագործակցությունը, փոխանակման ծրագրերը և այլ մանրամասներ։
«Այսօր՝ կարդացող, վաղը՝ առաջնորդ»․միջոցառման ընթացքում ուսանողները ևս մեկ անգամ կարևորեցին կրթության դերը․ ցուցադրվեցին նաև ուսանողների ձեռագործ աշխատանքները, հնչեցին երաժշտական կատարումներ։
Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սրբուհի Լուլուկյանը նկատում է՝ միջոցառումը հաստատեց բուհում եղած միջֆակուլտետային ամուր կապը․«Մենք պատրաստում ենք տարբեր մասնագետներ, սակայն մեծ ընտանիք ենք և մեր առաքելությունն էլ նույնն է»։
Սրբուհի Լուլուկյանը բարձր գնահատեց ուսանողների լեզվական հմտությունները՝ հորդորելով չանտեսել օտար լեզուների իմացությունը․այն այսօր շատ դռներ է բացում։
Ձեռնարկին ներկա Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը ևս տպավորված է միջոցառման գաղափարով և ուսանողների լեզվական իմացությամբ։ Նկատում է՝ Մանկավարժականն այլևս անխոցելի է․ուսանողներն իրենց հարուստ գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով առաջիկայում կհամալրեն ուսուցչական մեծ բանակը․«Օտար լեզուների ուսուցման ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանի հետևողական աշխատանքի և մանկավարժական բարձր որակներից շահում է ուսանողն ու ֆակուլտետի ուսումնադաստիարակչական աշխատանքը»,-հավելեց դեկանը։
Միջոցառման ավարտին ներկայացվեց նաև օրերս հանրապետական օլիմիպիադայում հաղթող ճանաչված աշակերտներից մեկի՝ Ռաֆայել Ավագյանի նամակը Մեծ Լուսավորչին, մեկ անգամ ևս փաստելով՝ կրթության ոլորտում մեծ մանկավարժի դերն ու նշանակությունը գնահատում է նաև մատաղ սերունդը։