ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր Լա Կորունիայի համալսարանի հայազգի պրոֆեսորը
15.09.2022
Մանկավարժականում էր Լա Կորունիայի համալսարանի հայազգի պրոֆեսորը

Այսօր Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Իսպանիայի Լա Կորունիայի համալսարանի  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը։

Բանախոսն իր ելույթում անդրադարձավ միջազգային իրավունքի հիմունքներին, որոնցով ձևավորվում է ժամանակակից միջազգային հասարակության իրավական համակարգը, ներկայացրեց դրա կառուցվածքը, դերակատարներն ու գործոնները:

Պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը դասախոսության ընթացքում խոսեց նաև միջազգային, միջկառավարական կազմակերպությունների մասին, անդրադարձավ դրանց բնութագրմանն ու դասակարգմանը։

«Ի տարբերություն ազգային հասարակությունների, միջազգային հասարակությունում հարաբերություններն ուղղահայաց կառուցվածք չունեն: Պետություններն, ըստ էության, ինքնուրույն և միջազգային հանրության այլ անդամների հետ միասին ստեղծում են նորմեր, քննում են դրանք, հետամուտ լինում դրանց կատարմանը»,- նշեց բանախոսը:

Ի դեպ, Լա Կորունիայի համալսարանի պրոֆեսոր Արտակ Մկրտչյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է․ բուհում հաճախ է հանդես գալիս դասախոսություններով։

old.aspu.am- ի հետ զրույցում միջազգային իրավունքի դոկտորը նշեց՝ համոզվել է, որ ուսանողները հետաքրքրված են միջազգային իրավունքով, սակայն սուղ պատկերացում ունեն՝ ի՞նչ է միջազգային իրավունքը և ի՞նչ գործիքակազմ ունի։

Կարծում է, որ մեր նման փոքր ու խնդիրներով լի երկրի համար միջազգային իրավունքին տիրապետելը չափազանց կարևոր է․ այն պետք է իր ուրույն տեղն ունենա նաև մասնագիտական առարկայական ծրագրերում․«Պետք է ունենալ որոշակի բնավորություն, տիրապետել գործիքակազմին, որ, ըստ անհրաժեշտության, հնարավոր լինի կիրառել դրանք»,-հավելեց Արտակ Մկրտչյանը։