ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր լեհ հայագետը
22.09.2016
Մանկավարժականում էր լեհ հայագետը

«Հայաստանը և հայերը լեհերի ընկալումներում» թեմայով դասախոսությամբ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հյուրն էր լեհ հայագետ, Լեհաստանի Պոզնան քաղաքի Անվտանգության հարցերի բարձրագույն դպրոցի ռեկտորի՝ միջազգային կապերի գծով ներկայացուցիչ Զբիգնև Շմուրլոն:

Հյուրին ողջունեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը՝ նշելով, որ արդեն ձևավորված ավանդույթ է կազմակերպել հրավիրյալ գիտնականների դասախոսություններ, ինչը ուսանողներին հնարավորություն է տալիս իրենց դասախոսներից բացի, մեր երկրի մասին լսել նաև օտարազգիների ուսումնասիրություններն ու կարծիքները: Դեկանը հույս հայտնեց, որ նման ձեռնարկների շնորհիվ առաջատար գիտնականները համախմբվում են ֆակուլտետի շուրջ ու հնարավորություն ընձեռում ստեղծելու, ամրապնդելու նոր կապեր:

Անդրադառնալով Լեհաստանում հայկական համայնքին առնչվող մի շարք հարցերի՝ հայագետն ընդգծեց հայերի մեծ դերը նաև լեհական համայնքում, մասնավորապես՝ թագավորական մի շարք ընտանքիներ իրենց երեխաների համար վարձում էին հատուկ հայ ուսուցիչներ: Լեհ հյուրն իր խոսքում կարևորեց նաև Հայոց ցեղասպանությանը, Արցախյան ազատամարտին և հայկական մշակույթի վերաբերյալ լեհերի պատկերացումներն և տեսակետները՝ վստահեցնելով, որ հայերն ակտիվ մասնակցություն ունեն լեհական ազգային մշակութային կյանքում վաղնջական ժամանակներից մինչ օրս:

«Ներկայիս Լեհաստանում հայկական սփյուռքը բաժանվում է երկու կարևոր հատվածի. մեկը, որ պատմական է և որոշակի «լեհականացված», մյուսը, որ դեռ նոր է և ձևավորվել է սկսած 1991թվականից՝ անկախության տարիներից»,-նշեց Զբիգնև Շմուրլոնն ու կոչ արեց երիտասարդներին սիրել սեփական հայրենիքն ու պատմությունը:

Դասախոսության ավարտին ելույթ ունեցավ նաև Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նա մեծապես կարևորեց նմանատիպ դասախոսությունների կազմակերպումը, ինչը նպաստում է միջազգային շփումների ընդլայնմանը, գիտելիքների ձեռքբերմանը և տարբեր երկրների միջև նոր համագործակցության զարգացմանը: