Աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էր Լեհաստանի Բիդգոշչ քաղաքի AFALOG աֆազիայի հաղթահարման և մասնագետների վերապատրաստման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, նեյրոլոգոպեդ Մարլենա Պուխովսկայան: Վերջինս նաև Ա. Յուրաշի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր է, Բանկային բարձրագույն դպրոցի նեյրոլոգոպեդիայի հետազոտական կրթության բաժնի վարիչ:
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպում-քննարկման ընթացքում բանախոսն անդրադարձավ <<աֆազիա>> հիմնախնդրին, ներկայացրեց աֆազիա ունեցող անձանց հետ իրականացվող լոգոպեդական աշխատանքների դրվածքն ու բազմամասնագիտական թիմի համագործակցության ուղղությունները Լեհաստանում: Լեհ մասնագետն անդրադարձավ նաև աֆազիա ունեցող անձանց հետ տարվող պրակտիկ մոտեցումներին, ժամանակակից տեխնոլոգիաների, մեթոդների կիրառմանը:
Հանդիպման ընթացքում Մարլենա Պուխովսկայան վիճակագրական տվյալներ ներկայացրեց Լեհաստանում աֆազիայի հանդիպման հաճախականության, բուժման ընթացքի արդյունավետության մասին, կարևորեց լոգոպեդի աշխատանքը՝ այցելուի և նրա ընտանիքի անդամների հետ:
Ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սիրանուշ Կարապետյանը կարևորեց մասնագիտության շրջանակներում միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Անդրադառնալով աֆազիային՝ որպես լոգոպեդիայի արդի և կարևոր հիմնահարց, հատկապես արժևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը նմանատիպ միջազգային տեսագործնական քննարկումներին: Ծավալվեց մասնագիտական դեպքերի քննարկում, տեղի ունեցավ փորձի փոխանակում, եղավ հարց ու պատասխան: Լեհ գործընկերը պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության: