«Աշխարհում պատկերապատումը ընդունված ժանր է, բայց մեզանում այն շատ զարգացած չէ: Չնայած հետաքրքրվողների, կոմիքսներով ու անիմացիայով զբաղվել ցանկացողների քանակը օրեցօր ավելանում է՝ տասնյակներից դառնալով հարյուրավոր»,-ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց պատկերապատող Շամիրամ Խաչատրյանն ու հավելեց՝ դրանցից շատերը տեխնիկապես լավն են. արդեն սովորել են տարբեր հարթակներում ու երկրներում:
Կոմիքս արտիստը սովորել է գրաֆիկական նովելների սրբավայրում՝ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում և Հայաստանում համարվում է կոմիքսների առաջամարտիկներից:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետում «Ընդհատակյա հայկական պատկերապատում (կոմիքս)» թեմայով հանդիպման և յուրատեսակ վարպետության դասի շրջանակներում հյուրը ներկայացրեց պատկերապատման հիմնախնդրի բացահայտումն ու ստեղծագործողի ուղղվածությունը։
Ցուցադրվեցին նաև Շամիրամ Խաչատրյանի աշխատանքները‚ որոնց շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում և երկխոսություն։