Օգոստոսի 12-13-ը Մանկավարժականում էր Սինգապուրի մենեջմենթի համալսարանի պրոֆեսոր, «Լոջիք միլս» կազմակերպության համահիմնադիր Մարկ Նովացկին։
Վերջինիս ղեկավարած կազմակերպությունում է մշակվել և վալիդացվել «ՄԻՐՄԻ» խաղային հոգեբանական թեստը, որը նախատեսված է 21-րդ դարի սովորողների կարողունակությունների` գլոբալ, համագործակցային և իրադրային ինտելեկտի գնահատման համակարգչային գործիքակազմը։
Բուհի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն․ գործիքակազմը, մեկնարկային հետազոտության շրջանակներում, կկիրառի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը՝ հնարավորություն տալով գնահատել այնպիսի կարողություններ, որոնց զարգացմանն է միտված նաև «Շախմատ» առարկան։
Մասնավորապես, մեթոդիկան թույլ է տալիս բացահայտել տարբեր տարիքի անձանց արդյունավետ որոշումներ կայացնելու, միջավայրին հարմարվելու կամ միջավայրի պայմանները հարմարեցնելու, խնդիրներ լուծելու կարողություններ, որոնք ներկայումս առանցքային են համարվում միջազգային առաջատար գնահատող հետազոտություններում։
Այցի շրջանակներում, պրոֆեսոր Մարկ Նովացկին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցների համար կազմակերպեց ՄԻրՄԻ գործիքակազմի կիրառման ուսուցողական պարապմունք, անհատույց տրամադրեց համապատասխան քանակով մեթոդիկայի լիցենզիաներ։
ՇԳԻ մասնագետները լրացրին թեստը, սովորեցին դրա արդյունքների վերլուծության և մեկնաբանման ընթացակարգերը։ Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև մեթոդի նախնկան փորձարկման ճանապարհային քարտեզը, դրա մշակման պրակտիկ ու մեթոդաբանական հիմքերը։
Հանդիպման ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։ Թրեյնինգի մասնակիցները հույս հայտնեցին, որ առաջիկայում այն կընդգրկեն ՇԳԻ կողմից պլանավորվող հետազոտություններում։
Նշենք, որ Մարկ Նովացկին մանկության և դեռահասության շրջանում իր տարիքային խմբում եղել է ԱՄՆ-ի լավագույն շախմատիստներից մեկը։ Պրոֆեսոր Նովացկին կրթության միջազգային խորհրդատու է եղել մի շարք երկրներում, կրթության ոլորտում հեղինակել ավելի քան 15 գիրք։
Նրա մշակած գործիքակազմը, որպես ուսուցման արդյունքների գնահատման ունիվերսալ մեթոդ, ներկայումս կիրառվում է ինչպես Սինգապուրում, այնպես էլ այլ երկրներում։