Մայիսի 3-6-ը Erazmus+ ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էր Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի դասախոս, նեյրոլեզվաբան Ստանիսլավ Գլազևսկին։
Վերջինս բուհ կատարած այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Օտար լեզուների, Հատուկ և ներառական կրթության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների դասախոսական կազմի և ուսանողների, ինչպես նաև Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակազմի հետ։
Հանդիպումների ընթացքում ծավալվեցին մասնագիտական քննարկումներ՝ նեյրոլեզվաբանության ոլորտի, լեզվի ուսուցման, ուսումնասիրության առանձնահատկությունների, մեթոդների, տարբեր խմբերի զգայական համակարգի կազմակերպման և գործառույթների վերաբերյալ։
Քիլի համալսարանի դասախոսը ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց նաև հոգեբանության ոլորտում արված նոր հետազոտությունների արդյունքները, բուհում, դպրոցներում աշխատանքային մեթոդների կիրառումը։ Ծավալվեցին մասնագիտական քննարկումներ։
Ստանիսլավ Գլազևսկին old.aspu.am-ի հետ զրույցում չթաքցրեց՝ տպավորված է ՀՊՄՀ կատարած այցից: Արդեն երկրորդ անգամ է հյուընկալվում բուհում․ կան մի շարք նորարարություններ, գաղափարներ, որոնք կուզեր տեղայնացնել նաև իր համալսարանում։ Նրան մասնավորապես հետաքրքրեց համալսարանական ռադիոն և հեռուստատեսային արտադրանքը, ինչը, իրենց համալսարանում բացակայում է և ինքը ողջունելով գաղափարը՝ այդ օրինակը կփորձի կիրառել իրենց համալսարանում։
Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի դասախոսը կարևորեց նաև ՀՀ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները, բուհում ձևավորված դասախոս-ուսանող անմիջական կապը, բուհական գրադարանի առկայությունը, ինչպես նաև համալսարանում կատարվող իրադարձությունների բազմակողմանի լուսաբանումը, բուհի ունեցած մուլտիմեդիոն հնարավորությունները։