ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում էր ՌԴ դեսպանը
14.11.2018
Մանկավարժականում էր ՌԴ դեսպանը

Այսօր Մանկավարժական համալսարանում էին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, դեսպանության ներկայացուցիչներ:

Հյուրերը եղան բուհի թանգարանում, ծանոթացան պատմությանն ու ժամանակագրությանը, ապա հանդիպեցին բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց դեսպանին մանկավարժական մայր բուհում հյուրընկալվելու առթիվ և մաղթեց արդյունավետ գործունեություն: Ռեկտորը հույս հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները կամրապնդվեն և կունենան լավ արդյունքներ:

«Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում վերապատրաստումներին, չնայած որ ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստմամբ զբաղվում են նաև հայաստանյան այլ բուհեր: ՀՊՄՀ-ի դիմորդների շուրջ 75 %-ը մարզերից են և ավարտելով բուհը՝ նրանք վերադառնում են և դասավանդում այդ դպրոցներում. դա մեծ պատասխանատվություն է»,-նշեց ռեկտոր Միրզախանյանը:

Նա ընդգծեց, որ մանկավարժական համալսարանն արդեն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության փորձ ունի ռուսական մի շարք հաստատությունների հետ՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական և Մանկավարժական պետական համալսարանների, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Գերցենի անվան ռուսաստանյան պետական մանկավարժական և այլ համալսարանների հետ:

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նաև «Ամառային դպրոց» միջազգային ծրագրին, որի շրջանակներում վերոնշյալ համալսարանների հետ իրականացվել է ուսանողների փոխանակում:

«Ռուսական բուհերի հետ համագործակցությունը մեզ համար ունի կարևոր նշանակություն՝ հատկապես ռուսաց լեզվի դասավանդման որակը բարելավելու տեսանկյունից»,-հավելեց ռեկտորը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունեց ներկաներին և նշեց՝ տպավորված է ՀՊՄՀ-ի թանգարան այցելությամբ. «Ես ուրախ եմ, որ այնտեղ տեսա հայ-ռուսական փոխգործակցությունն ու պատմական անցյալը: Շնորհակալ եմ, որ մեր համատեղ անցած ճանապարհի պատմությունը պահպանում եք թանգարանում»:

Դեսպանն ընդգծեց, որ շատ կարևոր է նոր իրականության մեջ հանդես գալ նոր հետաքրքրություններով, ներկայացնել միմյանց շահերն ու փորձել հաջողությամբ համագործակցել:

«Ես կարևորում եմ ռուսաց լեզվի դասավանդման արդյունավետությունը հայաստանյան դպրոցներում, ինչպես նաև ռուսաց լեզվի զարգացման ու տարածման խնդիրը: Եղել եմ մի շարք բուհերում և դպրոցներում, ծանոթացել նրանց մտահոգություններին: Խնդիրները շատ են, սակայն փորձը ցույց է տվել, որ արդյունավետ համագործակցելու դեպքում դրանք կլուծվեն. պետք է որոնել խնդիրների լուծման նոր մեխանիզմներ և ուղիներ»,-նշեց դեսպանն ու հավելեց, որ ի տարբերություն այլ բուհերի, Մանկավարժականի շրջանավարտները հիմնականում մարզերից են և ավարտելուց հետո դասավանդում են իրենց ծննդավայրերում. սա շատ կարևոր է հեռավոր մարզերում ռուսաց լեզվի և գրականության դասավանդման որակը բարելավելու տեսանկյունից:

Սերգեյ Կոպիրկինի կարծիքով՝ իր առաքելությունն է աջակցել և համատեղ աշխատանքով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել համագործակցության շրջանակներում:

Դեսպանի հետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով. դասախոսները դեսպանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, իսկ «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի շրջանակներում ռուսաստանյան բուհեր այցելած ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով:

Ավարտին ռեկտորը շնորհակալություն հայտնեց այցի համար և վստահեցրեց, որ բուհը ձգտում է հայ-ռուսական բարձրագույն կրթության համագործակցությանը հաղորդել նոր շունչ ու որակ: