Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնը փետրվարի 28-ից մարտի 3-ը անցկացրեց «Ժամանակակից լեզվաբանության ինտեգրատիվ ներուժը.անձ, հասկացույթ, խոսույթ» թեմայով դասավանդողների որակավորման բարձրացման կուրսեր:
Դրանց մասնակցեց նաև ՀՊՄՀ Ռուսաց լեզվի ամբիոնի շուրջ 15 դասախոս: Վերապատրաստողները Ռուսաստանի Դաշնության Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի Լեզվաբանության ամբիոնի անվանի մասնագետներն են՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարասիկը, Լեզվական քաղաքականության և միջազգային կրթության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Կամիշովան, մեր հայրենակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Սահակյանը:
Վերջիններս, այսօր ՀՊՄՀ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանի հրավերով, Մանկավարժականում էին՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը:
Պրոֆեսոր Դալյանը խորհրդանշական համարեց, որ հանդիպումն անցկացվում է ՀՊՄՀ-ի ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնում:
Տարիներ առաջ երկու բուհերի միջև գործընկերությունն ընդլայնելու նպատակով է հիմնադրվել կենտրոնը, որի բացմանը մասնակցել է նաև Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պատվիրակությունը՝ ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի գլխավորությամբ:
Նաիրա Դալյանը, անդրադառնալով վերապատրաստումների ընթացքին, կարևորեց ամբիոնի մասնագետների ցուցաբերած բարձր պատրաստվածությունը, նշելով՝ լեզվաբանության հետ կապված դասավանդման գործընթացն ամբիոնում ճիշտ հիմքի վրա է:
Կլոր սեղանին մասնակցում էին ինչպես ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դասախոսներն, այնպես էլ մագիստրոսներ. քննարկվեցին երկլեզվության, արդի լեզվաբանության խնդիրները, ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդիկայի նորարարությունները, լեզվական բացերը:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախագծերի իրականացմանը: