Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հյուրն էր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը:
Հեռուստառադիոլրագրության ամբիոնի պրոֆեսոր Սերգո Երիցյանը ներկայացրեց հյուրին՝ որպես հայ կինոյի կենդանի լեգենդի, նրա կենսագրությունը, գործունեությունը և ընդգծեց, որ Լևոն Աթոյանց անունը հայ կինոարտադրության մեջ ունի իր կարևոր ու անգնահատելի դերը:
Վաստակաշատ օպերատորի հետ հադիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողներին հետաքրքրում էր նրա նկարահանած ֆիլմերի ամեն մի մանրուք՝ հայտնի դերասանների մասնակցությամբ ծիծաղաշարժ դեպքերից մինչև մասնագիտական գաղտնիքներ:
«Մհեր Մկրտչյանը կրթված ու գրագետ մարդ էր, բարձր որակի դերասան, ում հետ ամեն ինչ հեշտ էր. նրա բոլոր դերերն ստացված էին ու սպասված»,-նշեց Աթոյանցն ու անդրադարձավ նաև ժողովրդական սեր վայելող այլ դերասաններին, ռեժիսորներին և օպերատորներին:
Կինոօպերատորի հետ երկխոսությունը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր ֆիլմերի դիտումով, ինչին հաջորդում էին հուշերն ու հիշողությունները նկարահանման ընթացքից:
«Կյանքում առաջին անգամ լացել եմ, երբ նկարահանման ժամանակ տեսախցիկի մարտկոցը սպառվել է. դրանից դաժան բան չկա օպերատորի համար»,-տարիների հեռվից հիշեց Լևոն Աթոյանցն ու պատմեց երկրաշարժից հետո դատարկված Գոգարան գյուղում նկարահանումների մանրամասները:
Բազմաթիվ ֆիլմերի օպերատորը վստահեցրեց՝ իր աշխատանքում սիրել է գունավոր ֆիլմեր նկարել սև ու սպիտակ ժապավենով, իսկ վավերագրական կինոն մոտեցնել գեղարվեստականին:
«Իմ բախտը բերել է. աշխատել եմ մեծանուն ռեժիսորների ու դերասանների հետ: Ափսոսում եմ, որ ներկա ժամանակներում ֆիլմ նկարում են առաջին հերթին գումարի համար»,-նշեց օպերատորն ու ընդգծեց՝ շատ կարևոր է նաև չմոռանալ հայ կինոն ստեղծողներին:
Բազմաթիվ ֆիլմեր նկարահանած, վաստակաշատ օպերատորը հանդիպման ընթացքում, սակայն, խոստովանեց՝ դեռ չի նկարել իր երազանքի կինոն. «Մեր ժամանակներում ազատություն չկար նույնիսկ ֆիլմերում. ափսոս, որ այսօր արդեն ազատությունն այլ ուղղությամբ են տարել»:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Հեռուստառադիոլրագրության և Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնների նախաձեռնությամբև կլինեն շարունակական: