ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում կներդրվի նոր՝ «Հասարակագիտություն» մասնագիտացում
25.03.2016
Մանկավարժականում կներդրվի նոր՝ «Հասարակագիտություն» մասնագիտացում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները բուհում և դպրոցում» խորագրով հանրապետական գիտաժողով, որին մասնակցում էին առարկայի հիմնախնդիրներով մտահոգ ու շահագրգիռ ներկայացուցիչներ՝ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:

Բացման խոսքում Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2016-2017 ուսումնական տարուց Մանկավարժական համալսարանում ներդրվելու է «Հասարակագիտություն» մասնագիտացումը: Հենվելով ՀՀ ԿԳ նախարարության ռազմավարության և հանրակրթական դպրոցի կրթական ծրագրի վրա՝ ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով դեկանի տեղակալ Հայկ Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ մշակվել է բուհական ուսումնական ծրագիրը:

Դեկանը հույս հայտնեց, որ առարկայի վերաբերյալ մասնագետների կողմից բարձրացված հիմնախնդիրները կնպաստեն մասնագիտացման ներդրմանն ու արդյունավետությանը:

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը համաժողովի հիմնական նպատակը համարեց առարկայի բնույթի, էության բացահայտումն ու յուրացման կազմակերպումը՝ վստահեցնելով, որ համաժողովը միմյանց պատկերացումներին տեղեկանալու, փոխադարձ ազդեցություն ունենալու լավագույն հարթակն է:

«Հասարակագիտությունը նորանկախ Հայաստանի համար նոր առարկա է, նոր երևույթ, որը ենթադրում է ապագայից բխող հանգամանքներ և չկան մեթոդական հիմքեր: Արժեքային համակարգի տեսանկյունից՝ անչափ կարևոր է նոր ժամանակաշրջանում հասարակագիտության հիմնախնդիրների էության ուսումնասիրումն ու խնդիրների բացահայտում-ձևակերպումը, որպեսզի իմանանք հետագա անելիքը»,-նշեց փոխնախարարն ու հավելեց, որ առարկայի ուսումնասիրումը թույլ կտա հասկանալ հասարակական կյանքի որոշ օրինաչափություններ ևս:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ հույս հայտնեց, որ գիտաժողովում կքննարկվեն վիճահարույց հիմնախնդիրներ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև հասարակության մեջ առկա բազմաթիվ կոնֆլիկտածին երևույթների ուղղությամբ:

Պրոռեկտորի կարծիքով՝ հասարակագիտությունն այն գիտությունն է, որ միաժամանակ պահանջում է մի քանի գիտությունների համալիր մոտեցում՝ հոգեբանական, քաղաքագիտական, իրավագիտական. պրակտիկ մասնագետները և տեսաբանները մտահոգված են այդ արժեքներով, քանի որ փոխակերպվող հասարակությունը պահանջում է նոր մոտեցումներ:

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն էլ անդրադարձավ 2014 թվականից ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի աշխատանքներին՝ նշելով, որ այդ ընթացքում շեշտը դրվել է կրթության ոլորտի, մասնավորապես՝ Մանկավարժական համալսարանում «Հասարակագիտություն» նոր մասնագիտացման ներդրման համար տարված համատեղ աշխատանքի վրա. «Մեր աշխատանքի արդյունքը մասնագիտական ծրագրի ստեղծումն էր. ՀՊՄՀ-ն արեց առավելագույնը և մենք սպասում են ծրագրի ներդրմանը՝ դրան հետագայում ևս աջակցելու պատրաստակամությամբ»:

Գիտաժողովը շարունակվեց զեկուցումներով, որոնց ընթացքում շոշափվեցին հայաստանյան բուհերում և դպրոցներում հասարակագիտություն առարկայի դասավանդման խնդիրները, առաջարկվեցին առավել արդյունավետ մեթոդներ: Մասնակիցները ցանկություն հայտնեցին զարգացնել համագործակցությունն առարկայով հետաքրքրված կառույցների, գիտնականների, ուսուցիչների և հիմնախնդրով մտահոգ մարդկանց միջև:

Ի դեպ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն «Ժովովրդավարության և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ տպագրել էր ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի խորհրդի երաշխավորած հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն: