ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում մեկնարկեցին որակավորման բարձրացման դասընթացները
25.10.2022
Մանկավարժականում մեկնարկեցին որակավորման բարձրացման դասընթացները

Մեկնարկեցին ՀՊՄՀ-ի և Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՌԴ) համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացները։

Հոկտեմբերի 24-28-ն անցկացվող ծրագիրը նախատեսված է զարգացնելու ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական հմտությունները։

ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Մանկավարժականում ողջունեց Հարավկովկասյան դաշնային համալսարանի պատվիրակությանը և շնորհակալություն հայտնեց գործընկեր բուհին՝ կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար․ «Հույս ունեմ, որ սա համագործակցության սկիզբն է միայն։ Հետագայում կիրագործվեն նոր՝ առավել հեռանկարային նախագծեր։ Անկախ քաղաքական զարգացումներից՝ մենք եղել և մնում ենք բարեկամ ժողովորդներ»։

«Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» դասընթացի շրջանակներում Հարավկովկասյան դաշնային համալսարանի առաջատար մասնագետները վարպետաց դասեր կանցկացնեն նաև մանկավարժների համար։

Դրանք հնարավորություն կտան փոխանակվել գիտամեթոդական տեղեկատվությամբ, ծանոթանալ հետազոտության ժամանակակից մեթոդների կիրառման հեռանկարներին, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման արդիական միտումներին, ժամանակակից դպրոցում ռուսերենի դասավանդման յուրահատկություններին, ռուսաց լեզվի և գրականության մշակութաբանական ասպեկտներին և այլն։

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն հանդիպման ընթացքում ընդգծեց՝ ՀՊՄՀ-ի հետ համագործակցությունը նոր չէ․ կրթական երկու կառույցներին կապում է երկար ու բեղմնավոր գործընկերությունը, որը սկիզբ էր առել դեռևս 2014 թվականից։

Վլադիմիր Սամոյլենկոն ծանոթացրեց ներկայացուցչական պատվիրակության 11 հոգուց բաղկացած կազմին, որն այս օրերին կվերապատրաստի մայրաքաղաքի և մարզային դպրոցի ուսուցիչներին, ինչպես նաև ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության, Օտար լեզուների ֆակուլտետների դասախոսներին։ 

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ներկայացուցիչն ուրախությամբ է նկատում՝ դասընթացին գրանցվածների թիվն անցնում է 130-ը․ ըստ ռուս գործընկերոջ, դա մեծամասամբ պայամանվորված է մանկավարժական բուհի հեղինակությամբ․ «Չափազանց ուրախ ենք, որ հենց այս ձևաչափով հնարավորություն ունենք անցկացնել դասընթացները։ Այն մեր բուհի պատմության առաջին մեծամասշտաբ նախագիծն է։ Վստահ եմ, որ ծրագրի ավարտին երկու բուհերի կողմից տրվող հավաստագրերը որակավորման բարձրացման նոր ցուցիչ կլինեն։ Ի դեպ, փորձի փոխանակման շրջանակում, մինչև դեկտեմբեր կանցկացվեն նաև օնլայն կուրսեր»,-նշեց Վլադիմիր Սամոյլենկոն և նկատեց՝ գործընկերության մասին է վկայում նաև այս պահին Հարավկովկասյան դաշնային համալսարանում ՀՊՄՀ-ի ուսանողների ներկայությունը։

Վերջինս հույս հայտնեց նաև, որ առաջիկայում կհաջողի մեկ այլ՝ «Ձմեռային դպրոց» ծրագիրը, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզըստանի, Տաջիկստանի ուսանողները։

«Ռուսաց լեզվի և գրականության դպրոցական դասավանդման նոր մոտեցումներ» խորագրով որակավորման բարձրացման դասընթացները շարունակվեցին բուհում՝ մի շարք մասնագիտությունների գծով դասախոսների մասնակցությամբ։

Վերապատրաստումները կտևեն 4 օր․կներկայացվեն լեզվաբանական և գրականագիտական մեթոդաբանության կիրառման տեսական հիմքերը, անդրադարձ կլինի ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մի շարք մեթոդների կիրառման յուրահատկություններին և հեռանկարներին՝ հիմնված կրթության յուրահատկությունների վրա։

Տեսական և գործնական ձևաչափով անցկացվող դասընթացին կներկայացվեն նաև ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված արդիական մեթոդաբանությունն ու տեխնոլոգիաները, լեզվաբանական և գրականագիտական վերլուծության արդիական մեթոդաբանության կիրառման հնարավորությունները և այլն։