ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականում նշեցին Սուրբ Հարության տոնը
11.04.2023
Մանկավարժականում նշեցին Սուրբ Հարության տոնը

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում նշեցին Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը։

Ներկած ձու, չամիչով փլավ, կանաչիների տեսակներ, գինի, զատկական ավանդական այլ ճաշատեսակներ և անուշեղեն․ բուհի 10 ֆակուլտետների ուսանողներն ու ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանի աշակերտներն օրը խորհրդանշող տոնական զարդարված սեղաններով դիմավորեցին մասնակիցներին՝ միմյանց հաղորդելով տոնի ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»։

Միջոցառումն ուղեկցվեց Ուսանողական խորհրդին կից «Ուրֆա» համույթի ծիսական երգ ու պարով, շնորհավորանքներով, խաղերով, տոնին վերաբերող մեկնաբանություններով։

Քանի որ տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, ուսանողները ներկայացրին հայկական մշակույթի ամենագեղեցիկ արժեքներից՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ Ակլատիզի և Ծաղկազարդի տոնին հայտնվող անձրևաբեր Նուրիի խորհուրդը։

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շրջեց, լսեց տոնական խորհրդանշական ուտեստների մասին մեկնաբանությունները, համտեսեց տոնի կերակուրներից և հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսանողներն իրենք են պատրաստել դրանք։

Պրոֆեսոր Գևորգյանը կարևորեց բուհի ուսանողական համակազմի ստեղծարար լինելն ու հայրենասիրական նկրտումները՝ մեկ անգամ ևս ընդգծելով Սուրբ Զատկի տոնի խորհուրդն ու ազգային ավանդույթների պահպանման կարևորությունը։