Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը:
Տեառնընդառաջն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով:
Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ տոնակատարության խորհրդից անմասն չմնացին նաև աբովյանականները։
Ինչպես ժողովրդական ավանդությունն է պահանջում՝ Տեառնընդառաջի հիմնական ծեսը՝ խարույկ, ցատկ կրակի վրայով, ավանդական երգ ու պար։ Աբոյանականները ներկաներին հյուրասիրեցին նաև տոնի կերակրատեսակներով՝ փոխինձ, չամիչ, աղանձ։
«Մանկավարժական համալսարանն անմասն չի մնում նշելու ամենասիրելի տոներից մեկը։ Բուհում էր նաև «Ուրֆա» ազգագրական պարի համույթը․նրանց շնորհիվ երիտասարդները սովորեցին ազգագրական մի քանի պար, ինչը մեծ ոգևորություն պատճառեց նրանց»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը՝ ընդգծելով ազգային արժեքների պահպանման և հանրահռչակման կարևորությունը։
Նշենք, որ ժամանակին գոյություն են ունեցել Տեառնընդառաջի հետ կապված ազգային սովորույթներ և ավանդույթներ․ տոնը հայոց կենցաղում հայտնի էր տարբեր անվանումներով` առավել տարածված էր «Տրընդեզ» անվանաձևը, որը պահպանվել է մինչ օրս: