ՀՊՄՀ-ն՝ «Էրազմուս+»-ի նախագծերի առաջատար մասնակից և համակարգող է․օրերս ամփոփվել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» -ի Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ծրագրի արդյունքները:
Տվյալների համաձայն՝ այս տարի ՀՊՄՀ-ն ներգրավված է 3 նախագծում՝ «KPI4HE», «DESIRE», «T4GREEN»․ վերջինիս դեպքում Մանկավարժականը նաև ծրագրի համակարգողն է։
Ծրագրի գործընկերն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի պետական, Շիրակի պետական համալսարանները, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը, Կրթական քաղաքականության և կառավարման հայկական հասարակական կազմակերպությունը, Մոլդովայի կրթության և գիտության նախարարությունը, Քիշնյովի Իոն Կրեանգայի պետական մանկավարժական, Մոլդովայի Ալեկու Ռուսո Բալթիի պետական, Իսպանիայի Վալլադոլիդի, Պորտուգալիայի Բեյրայի ինտերիերի և Չեխիայի Մասարիկի համալսարանները:
«T4GREEN» ծրագիրը միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը, ինչը ենթադրում է հանրակրթության ոլորտում անցում կատարել ավանդականից ապագային միտված ուսումնական ծրագրերին՝ աջակցելով դասավանդման մեթոդներին, ազգային նպատակների իրագործմանը, «կանաչ» և թվային ուսուցմանը։
Մանկավարժականը ներգրավված է նաև «KPI4HE» ծրագրում, որի շրջանակներում կբարելավվեն բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, համալսարանների ռազմավարական պլանավորումը։ Այս ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, իսկ ծրագրի գործընկերները՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Եվրասիա միջազգային, Հյուսիսային, Գավառի պետական համալսարանները, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Գերմանիայի Օլդենբուրգի Կառլ Ֆոն Օսիեցկի, Դրեզդենի տեխնիակական և Իտալիայի Գենոայի համալսարանները։
Բարձրագույն կրթության հիմնական ցուցանիշների (KPIs) ազգային շրջանակի մշակման և ներդրման միջոցով իրականացվող բարեփոխումները կխթանեն մեր երկրում որակյալ ու ներառական, թվային ու «կանաչ» կրթությունը։
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ծրագրի շրջանակներում ՀՊՀՄ-ն ներգրավված կլինի նաև DESIRE ծրագրում:
Այս ծրագիրը համակարգում է Վանաձորի պետական համալսարանը: Ծրագրի գործընկերներ են՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի պետական, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի պետական, Թբիլիսիի Իլիայի պետական, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելի, Սուխումիի պետական համալսարանները, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը, Հայաստանի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը, Վրաստանի կրթության որակի խթանման ազգային կենտրոնը, Իսպանիայի Գրանադայի համալսարանը, Դրեզդենի տեխնիակական համալսարանը, Ֆինլանդիայի Լապենրանտայի տեխնիկական համալսարանը և Իռլանդիայի Արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտը:
Վերջիններիս դրական փորձի փոխանակման արդյունքում, հայաստանյան և վրացական մի շարք բուհերում կներդրվեն համապատասխան դասընթացներ, որոնք միտված կլինեն ուսանողների «փափուկ» հմտությունների կատարելագործմանն ու զարգացմանը:
Հավելենք, որ «Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է։ Այն հնարավորություն է ընձեռում բուհական ոլորտի աշխատակիցներին, ինչպես նաև ուսանողներին ուսանել և մասնագիտական փորձ ձեռք բերել աշխարհի մի շարք երկրներում:
Բուհի կարևորագույն ձեռքբերումն է նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի հետ իրականացվող 5/23 CIF դրամաշնորհային ծրագիրը։ Այն հնարավորություն կտա ՀՊՄՀ-ում հիմնել գերժամանակակից լաբորատորիաներով հարուստ «ԲՏՃՄ ոլորտի գերացանցության» կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով գործող և ապագա ուսուցիչների կարողությունների զարգացմանը՝ ժամանակից մարտահրավերներին համապատասխան։ Ծրագիրը կտևի մինչև 2025 թվականը։