ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ
09.11.2021
Մանկավարժականը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ

ՀՊՄՀ-ում շարունակվում են COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները. ռեկտորատի նիստերում պարբերաբար անդրադարձ է կատարվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը, դիմակների կրման անհրաժեշտությանը, պահանջվող գրանցամատյանների լրացմանն ու դրանց վերահսկողությանը, ինչպես նաև քննարկվում և վերլուծվում են ստացված արդյունքները, սահմանվում են հետագա անելիքները:

ՀՀ Առողջապահության նախարարության հրամանի պահանջների համաձայն՝ բուհի աշխատակիցները համալասարան պետք է ներկայանան կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատով:

Հրամանի պահանջների մանրամասներին ծանոթացնելու, ինչպես նաև դրանում ներառված մասնագիտական դրույթների պարզաբանման համար, Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը կազմակերպել էր սեմինար, որի ընթացքում մասնագետները ներկայացրել և քննարկել էին հրամանում սահմանված մասնագիտական դրույթները, բժշկական հակացուցումները, մասնավորապես, բացարձակ և ժամանակավոր հակացուցումների բնութագիրը, ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր երկրում առկա պատվաստանյութերի, թեստերի տեսակների և բովանդակության մասին համապարփակ տեղեկատվություն:

Ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Սահակյանը որպես ռիսկային խումբ՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմին էր ներկայացրել պատվաստման առաջնահերթությունը, ընդգծելով՝ պատվասման գլխավոր նպատակը մահացության և հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքի բացառումն է:

Ամբիոնի նախաձեռնությամբ՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղեկատվական սեմինար անցկացրեց նաև Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ բժիշկ-համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը:

Բանախոսն անդրադարձել էր ՀՀ-ում տիրող համաճարակային լարված իրավիճակին, մահվան ելքերին և դրանից խուսափելու հիմնական միջոցառումներին:
Ի դեպ, Բուհի ղեկավարության հետևողական աշխատանքի, տեղեկատվական տարբեր սեմինարների, համաճարակաբանի հետ հանդիպման, ինչպես նաև իրականացվող այլ միջոցառումների արդյունքում բուհում արձանագրվել է աշխատակիցների պատվաստման կտրուկ աճ:

Համալսարանում կազմակերպվել և անցկացվել է ՊՇՌ հետազոտության (թեստավորման) երկու փուլ. այժմ ընթանում են երրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները:

Հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ բուհի 1043 աշխատակիցներից պատվաստվել է 528-ը: Հոկտեմբերի 29-ի դրությամբ` 1043 աշխատակիցներից պատվաստվել է 638-ը, ինչը ընդհանուր թվի 60 տոկոսն է:

«Թեստավորման և պատվաստման գործընթացին աշխատակիցների ակտիվ մասնակցությունը վկայում է վերջիններիս բարձր պատասխանատվության մասին: Պատվաստման գործընթացը մանկավարժական համալսարանի աշխատակիցների շրջանում կարձանագրի առավել բարձր ցուցանիշներ»,-old.aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց Նարինե Սահակյանը: