ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը՝ սոցիոլոգիական մարաթոնում
08.12.2017
Մանկավարժականը՝ սոցիոլոգիական մարաթոնում

Այսօր Մանկավարժական համալսարանի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը տեսակապ հաստատեց՝ միանալով Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կազմակերպած «Հետազոտող 2.0.: Մասնագիտության վերափոխումը թվային դարաշրջանում» խորագրով սոցիոլոգիական մարաթոնին:


Հայաստանն առաջին անգամ է մասնակցում մարաթոնին, որը  կրթական սեմինարի նոր ձև է և յուրահատուկ հնարավորություն տարբեր տարածաշրջաններում բնակվող ուսանող-երիտասարդների, ասպիրատների, գիտական աշխատողների համար, ովքեր կարող են հեռուստակամուրջի միջոցով հարցեր ուղղել ոլորտի առաջատար /լիդեր/ մասնագետներին:

Մարաթոնին մասնակցում էին սոցիոլոգներ, պատմաբաններ, հոգեբաններ, տնտեսագետներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ, որի  ընթացքում քննարկվեցին հասարակության զարգացման նոր հնարավորություններն ու ժամանակակից հիմնահարցերը, անդրադարձ եղավ ոլորտում հետազոտողի՝ արդյունաբերական և մասնագիտական հնարավորություններին, սոցիոլոգիայի պրակտիկ և տեսական ոլորտներում կիրառվող մեթոդներին ու տեխնոլոգիաներին:

Առաջադրվեցին աշխատաշուկայում առաջատար և պահանջված լինելու համար անհրաժեշտ հմտություններն ու զարգացան անհրաժեշտությունները:

Մարաթոնի հիմնական բանախոսները Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)-ի տնօրեն Վալերի Ֆյոդորովն էր, առաջատար մասնագետներ, կառույցի հետ համագործակցող մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ.«Նախագիծը դուրս է գալիս սոցիոլոգիական շրջանակներից. այսօր արդեն մեզ միացել են 20 երկրների շուրջ 25 բուհերի ներկայացուցիչներ: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե որ երկիրն է ոլորտում առաջատար կամ կդառնա այդպիսին՝ 10-15 տարի անց. նախագիծն առավելապես ապագայի մասին է»,-նշեց Վալերի Ֆյոդորովը:

Սոցիոլոգիական մարաթոնը շարունակվեց մասնաճյուղերի աշխատանքով. ներկայացվեցին սոցիոլոգի, սոցիոլոգիական հետազոտության գործընթացի բնութագիրն ու գործընթացի վրա ազդող գործոնները, հասարակությունում սոցիոլոգիական մարտահրավերներին դիմակայելու հնարավորություները, վերլուծեցին ոլորտում կիրառվող սոցիոլոգիական հետազոտության նոր մեթոդներն ու տեխնոլոգիաները` BIGData, թվայնացում, ռոբոտներ և աշխատանքային նոր հնարավորություններ: