ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մանկավարժներն առանձնահատուկ մարդիկ են. ուրիշ են և տարբեր բոլորից»
23.06.2016
«Մանկավարժներն առանձնահատուկ մարդիկ են. ուրիշ են և տարբեր բոլորից»

Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցը:

Ձեռնարկի կազմակերպիչ, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյան, ամփոփելով եռօրյա դպրոցի արդյունքները, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վստահեցնելով, որ նրանցից յուրաքանչյուրն իր հետ մի կարևոր բան կտանի:

«Այս ձեռնարկը հնարավորություն տվեց ճանաչել միմյանց, հասկանալ, որ ՀՊՄՀ-ն իրապես իրավունք ունի համալսարան կոչվելու. փաստեցինք, որ ունենք ուժեղ, բանիմաց երիտասարդ դասախոսական կազմ»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու հավելեց՝ չնայած մասնակիցները տարբեր բնագավառներից էին, սակայն բոլորին միացնում էր մանկավարժությունը:

Աիդա Թոփուզյանի կարծիքով՝ դասախոսը ուսանողների նպատակները մարմանավորողն է. «Մենք անմիջականորեն և՛ մեր երկրի ապագան ենք կերտում, և՛ պատարստում ենք մեր երկրի ապագան կերտողների կերտողներին: Մանկավարժներն առանձնահատուկ մարդիկ են, մենք ուրիշ ենք և ոչ մեկին նման չենք»:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ևս գոհ է ամառային դպրոցի արդյունքներից, որում, նրա կարծիքով՝ հրապարակ եկան ձեռնարկի ձեռքբերումներն ու բացթողումները, նվաճումներն ու խնդիրները:

«Եռօրյա ծրագրի ընթացքում փորձում էի հասկանալ երիտասարդ գիտնականների հիմնարար կարիքները և թե որքանով նրանց հաջողվեց ընդհանրական հարթակում ներկայացնել ներքին, մասնագիտական խնդրահարույց պահանջմունքները»,-նշեց պրոռեկտորն ու ևս մեկ անգամ ընդգծեց, որ երիտասարդ գիտնականների պատրաստումն ու տարբեր ծրագրերով նրանց աջակցելը բուհի ռազմավարության առանցքային հարցերից է:

Սրբուհի Գևորգյանը վստահեցրեց, որ ձեռնարկի առաջին փորձը պարտադիր կքննարկվի, կառանձնացվեն առաջնահերթություն ունեցող խնդիրները, քանի որ այն թույլ տվեց ընդհանուր հարթակում հանդես գալ մասնագիտական որոշակի արժեք ներկայացնող նախագծերով: Պրոռեկտորը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

Մասնակիցները ևս կոնֆերանսը համարեցին կայացած և շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ այն նախևառաջ սերունդների հետաքրքիր երկխոսություն էր, ապա փորձի փոխանակման, նոր կապերի ձեռքբերման և հետագա համագործակցության:

Նշենք, որ տպագրվել է «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով երիտասարդ գիտնականների ամառային դպրոցի մասնակիցների հեղինակային նախագծերի ժողովածուն՝ 3 բաժիններով՝ երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և հայցորդների, մագիստրոսների և նրանց ղեկավարների համատեղ վերլուծություններ: