«21-րդ դարը ուսուցչի առջև դրել է կարևոր հարցեր․փոխվել են մանկավարժության շեշտերը։ Այսօր կարող ուժ է այն մանկավարժը, որը քննադատաբար է մտածում, ճիշտ նպատակներ է սահմանում, նախաձեռնող է, կանխատեսող և ամենակարևորը՝ կարողանում է համագործակցել։ Ուսանող-դասախոս համատեղ գիտաժողովը միտված է այդ համագործակցությանն ու վեր է հանում ժամանակակից մանկավարժության համար կարևոր թեմաներ»,-«Մանկավարժության արդի հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով գիտաժողովին նշեց Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։
Պրոֆեսոր Թոփուզյանը հույս հայտնեց, որ շրջանավարտների համար, որոնք ավարտական աշխատանքների ներկայացման շեմին են, ձեռնարկը կլինի կարևոր նշագիծ։
Նա գիտաժողովը դիտարկեց նաև կատարված հետազոտությունները ներկայացնելու, եզրակացություններ անելու, մանկավարժության այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք արտահայտելու կարևոր հարթակ։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը նկատում է՝ դժվար ժամանակներում ենք ապրում, ինչն էլ ստիպում է վերանայել մեր առաջնահերթությունները և առավել կարևորել մանկավարժի դերը հասարակության մեջ։
Պրոռեկտորն ընդգծում է՝ Մանակավարժական համալսարանի առաջնահերթություններից է որակյալ մանկավարժներ պատրաստելը․այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է ունենալ ուժեղ դպրոց, կայացած կրթական համակարգ և ապագան այսօր կառուցելու կուռ արժեհամակարգ կրող հասարակություն․«Գիտահետազոտական համալսարան դառնալու ճանապարհին կարևորում ենք ուսանողների մասնակցությամբ գիտակրթական բոլոր գործընթացները։ Կրթությունը շարունակական գործընթաց է, իսկ գիտաժողովները յուրատեսակ ստուգատես ինչպես մանկավարժների, այնպես էլ՝ ուսանողների համար։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կայացել է։ Լիահույս եմ նաև, որ բուհի հետ կապը մշտական կլինի․ պատրաստ ենք աջակցել, ուղղորդել՝ ձեր հմտությունների զարգացման գործընթացում»։
Բուհի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ վստահեցնում է՝ հպարտ են ուսանողների հաջողություններով․ ամեն ինչ անում են բարելավելու կրթական գործընթացը, շտկելու բացթողումներն ու թերությունները։
Նաիրա Սաֆարյանը, ընդգծելով ուսուցչի մասնագիտության նշանակությունը, աշխարհաքաղաքական բարդ ու կարևոր այս շրջանում կրկնակի կարևոր է համարում ապագա ուսուցիչների մուտքը դպրոց։
Դասախոս-ուսանող համագործակցություն, համատեղ ներկայանալու ձևաչափ, որ մշտապես վառ է պահում մանկավարժական միտքը․ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն է կարևորում Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությունը։
Իր ղեկավարած ֆակուլտետի ուսանողներից շատերն են ներգրավված գիտաժողովում․վստահ է, որ խիստ արդի թեմաների շուրջ կծավալվեն սրդյունավետ քննարկումներ՝ հաջողելով ժամանակակից մանկավարժության հիմնական շեշտադրումը՝ համագործակցությունը․ երբ սովորողներն ու մանկավարժները փորձում են վերափոխել կյանքն ու այն դարձնել ավելի լավը։
Ուսուցման գործընթացում տարրական դպրոցի ուսուցչի ռեֆլեքսիվ գործունեությունը, բուլինգի հիմնախնդիրն ու կանխարգելումը, դեռահասի անձնային աճի շարժընթացը, երիտասասարդ ուսուցչի ադապտացման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղիները, սոցիալական մանկավարժի դերը կրտսեր դպրոցականների մասնագիտական կողմնորոշման հարցում և այլն․ գիտաժողովի մասնակիցները ներկայացրին մանկավարժության ոլորտի այս և այլ հիմնախնդիրների շուրջ կատարած իրենց հետազոտությունները, վերլուծությունները, հանդես եկան առաջարկներով։
Եղավ հարց ու պատասխան, ծավալվեց շահագրգիռ քննարկում։