Մանկավարժական համալսարանի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Սոցիալ-մշակութային միջավայրի ազդեցությունը մանկության վրա. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով առցանց գիտաժողովը: Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը պատահական չհամարեց, որ գիտաժողովն անցկացվում է Երեխաների համաշխարհային օրը, և նվիրվում է համալսարանի մեկդարյա հոբելյանին:
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն էլ, կարևորելով գիտաժողովը, նկատեց՝ այն խորհրդանշում է բուհի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը. «Կարևոր է՝ մանկության ժամանակակից խնդիրները և դրանք դիտարկելու ամենատարբեր մոտեցումները, իսկ Մանկավարժության ամբիոնն այդ առումով առանցքային դեր ունի համալսարանում և հարցի քննարկման գործում»:
Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց ամբիոնի գործունեությունը երեխաների՝ անձի ձևավորման վրա բնական, քաղաքական, տնտեսական և արտաքին այլ գործոնների ազդեցության հետազոտական վերլուծության իմաստով, վերոհիշյալ գործոնների շարքում ընդգծելով նաև իր մասնագիտական գործոնների ազդեցությունը:
Վստահ է, որ գիտաժողովը կնպաստի մանկության հիմնախնդիրների լուծմանը մեր երկրում և կկրկնապատկի երեխաների համար հարմար և բարենպաստ աշխարհ կառուցելու ջանքերը. «Մանկավարժականի պատմությունը սերտորեն կապված է մեր երկրի, ժողովրդի պատմության հետ: Մեկ դար շարունակ համալսարանը ծառայում է հայ դպրոցին, պատրաստում է ուսուցիչ. դաստիարակում ու կրթում է մեր երկրի ապագան կերտող սերնդին, ապագա հայրենասերին ու քաղաքացուն»:
Աիդա Թոփուզյանն պատահական չհամարեց գիտաժողովի խորագիրը. այն ամբիոնի երեք տարվա գիտական միասնական թեման է: Այս տարի հիմնականում ուսումնասիրել են կրթական միջավայրը. հաջորդ տարիներին կուսումնասիրեն մշակույթի, բնության, ընտանիքի ազդեցությունը մանկության վրա.«Երեխայի վրա սոցիալ-մշակութային միջավայրի, մասնավորապես, կրթական միջավայրի ազդեցության ուսումնասիրությունն ու բարելավումը ժամանակակից մանկավարժության կարևոր հիմնախնդիրներից է: Դպրոցը, ուսուցիչը այլևս գիտելիքի փոխանցման հիմնական աղբյուրը չեն. երեխայի զարգացման վրա հավասարապես ազդում են ինչպես դպրոցն ու ընտանիքը, այնպես էլ սոցիալական ցանցերը: Դրանք ձևավորում են սոցիալականացման նոր միջավայր և արժեհամակարգի քարոզման նոր դաշտ՝ստեղծելով նոր հնարավորություններ, ռիսկեր ու մարտահրավերներ»,-նշեց Աիդա Թոփուզյանը:
Մանկավարժության ամբիոնի վարիչը նկատում է՝ այսօր դպրոցին վիճակված է իրականացնել միաժամանակ եռակի գործառույթ. երեխայի համար ստեղծել բարենպաստ ֆիզիկական և հոգեբանական միջավայր, երեխաներին հնարավորություններ ստեղծելով մասնակցել իրենց կյանքի կազմակերպմանը, համագործակցելով ընտանիքի հետ՝ զբաղվել ծնողական կրթության հարցերով՝ երեխայի սոցիալական մեկուսացման, միջավայրի տարատեսակ ազդեցություններն ու ռիսկերը բացահայտելու, դրանց բացասական ազդեցությունները կանխորոշելու, կանխարգելելու ու չեզոքացնելու համար:
Գիտաժողովին անդրադարձ եղավ մանկության, երեխաների դաստիարակության, սոցիալականացման վրա ազդող բազմաֆունկցիոնալ միջավայրի ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց լուծումներին վերաբերող հիմնախնդիրներին ու առաջարկություններին:
«Երեխայի հոգեկան զարգացման և այդ զարգացման աղբյուրների ու օրինաչափությունների հիմնախնդիրը կենտրոնական տեղ է գրավել նաև հոգեբանության մեջ: Դրա լուծումից է կախված ուսուցման և դաստիարակության ուղիների և կարևորագույն հնարների որոշումը, երեխայի նկատմամբ ցուցաբերվող մոտեցումը, ուրույն առանձնահատկությունների ըմբռնումը»,-«Միջավայրի ազդեցության հիմնախնդիրը սոցիալ հոգեբանական հարացույցների համատեքստում» թեմայով զեկույցում պլենար նիստին նշեց ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Բանախոսը նկատեց՝ մարդուն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է վերլուծել նրա միջավայրի կառուցվածքը, վարքի մեխանիզմները, զարգացման ուղիները.անձի սոցիալականացումը կատարվում է արտաքին միջավայրի գործոնների ներքնայնացման ճանապարհով.« Պետք է նշել,որ երեխայի հոգեկան զարգացումն իրականացվում է նաև սոցիալական փորձը յուրացնելու ճանապարհով. այստեղ կարևոր նշանակություն ունի ուսուցման և դաստիարակության հիմնահարցը: Սոցիալական հոգեբանության առարկայի հիմնավորման տեսանկյունից բոլոր գոյություն ունեցող հարացույցները կարևորել են արտաքին միջավայրի սուբյեկտ-սուբյեկտային փոխազդեցությունների և փոխներգործությունների նշանակալիությունը»,-հավելեց նա։
Պրոֆեսորն մանրամասնեց նաև սոցիալական հոգեբանության մեջ ստեղծված ամերիկյան`«բացատրող, արևմտաեվրոպական` «հասկացման» և ռուսական`«փոխակերպման» հարացույցները՝ նկատելով, որ դրանցից յուրաքանչյուրը կարևորեց իր հենքային մոտեցումները միջավայրի ազդեցության առումով:
ՀՊՄՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը «Կրթական միջավայրի հումանացման մանկավարժական պայմանները» թեմայով զեկույցում նկատեց՝ ժամանակակից մանկավարժությունը մեծ տեղ է տալիս կրթական միջավայրի դաստիարակչական դերին ու հումանացման հիմնախնդրին, քանի որ դրանով է պայմանավորված սովորողի ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը, որից էլ բխում են ուսման նկատմամբ երեխայի վերաբերմունքն ու դրդապատճառները, նրա սոցիալականացումն ու իրեն մանկական համակեցության լիիրավ անդամ համարելու զգացումը:
Պրոֆեսորը հավելեց՝ երեխան արժեք է. ոչ մի երեխա նման չէ մյուսին, յուրաքանչյուրն ինքնատիպ է, անկրկնելի, յուրահատուկ, և մանկավարժությունը պետք է պահպանի և այդ առանձնահատկությունները:
Նա մանրամասնեց՝ երեխայի, կրթական միջավայրի հումանացում եզրույթները, առանձնացնելով մանկավարժական մի քանի պայման.«Ելնելով տվյալ դպրոցի տիպից, տարածաշրջային և այլ առանձնահատկություններից ցանկը կարող է հարստացվել: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր մանկավարժական նպատակ ու պայման ծառայի երեխային և իրականացվի հանուն երեխայի զարգացման»:
Պլենար նիստում ելույթ ունեցավ նաև մանկավարժական գիտությունների թենածու, դոցենտ Լուսինե Պողոսյանը, որը ներկայացրեց մանկության վրա կրթական միջավայրի ազդեցության շուրջ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մասնակցել է տարբեր տարիքի 607 աշակերտ, 379 ուսուցիչ և 350 ծնող։
Ընդհանրացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ բանախոսը նկատեց, որ դասարանում հանգիստ, բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար ուսուցիչը պետք է հավատա յուրաքանչյուր երեխայի զարգացման հնարավորությանն ու ուժերին. «Չկան լավ կամ վատ երեխաներ, կան երեխաներ, որոնք հասարակության ու դպրոցի ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն։ Ամեն ինչ կախված է ուսուցչի կոմպետենցիաներից. որքանով է նա կարողանում կրթական միջավայրը անվտանգ ու հարմարավետ դարձնել յուրաքանչյուր երեխայի համար, որքանով է գիտակցում իր դերը՝ ուսումը երեխաների համար մատչելի, սիրելի և հետաքրքիր դարձնելու, նրանց սովորելու ցանկությունը մշտապես վառ պահելու գործում»:
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը «Միջավայրի դերն ու ազդեցությունը դպրոցականների մասնագիտական կողմնորոշման գործընթացում» թեմայով զեկույցում մասնագիտական կողմնորոշումը հանրակրթական դպրոցում համարեց սոցիալ-մանկավարժական գործունեության կարևոր ուղղություն, «որն ապահովում է հանրակրթական չափորոշչով սահմանված մի շարք վերջնարդյունքներ»:
Բանախոսը ներկայացրեց հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում իրականացրած հարցումներն ու հետազոտությունները, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման գործընթացի ազդեցության բացահայտումն էր աշակերտների մասնագիտական գիտակցված ընտրության, անձնային աճի, կոմպետենցիաների ձևավորման վրա:
Ամփոփելով՝ զեկուցողը մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման աշխատանքներում կարևորեց համակարգային լուծման անհրաժեշտությունը՝ աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի ձևավորման առումով:
Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, ամփոփելով պլենար նիստը, հույս հայտնեց, որ գիտաժողովի ավարտին կներկայացվեն դիտողություններ և առաջարկներ՝ ներկայացված խնդիրների լուծման համար:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում. զեկույցներով հանդես եկան նաև Մինսկի Մասնագիտական կրթության հանրապետական ինստիտուտի Ընդհանուր և մասնագիտական մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Վիկտոր Նաումչիկը, Բարձրագույն կրթության դաշնային պետական ինքնավար ուսումնական հաստատության «Կազանի դաշնային համալսարան», Ելաբուգայի ինստիտուտի ասպիրանտ, լաբորանտ-հետազոտող Գուլնարա Կաշֆրազիևան, Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր ժողտնտեսության և պետական կառավարման ակադեմիայի կրթության զարգացման դաշնային ինստիտուտի (FIRO RANEPA) դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Իրինա Պոպովան և այլք: