Այսօր Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ամբիոնում ներկայացվեց «Քաղպաշտպանության համակարգը, նրա խնդիրները և ՔՊ միջոցառումները» թեմայով դասախոսություն:
Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված դասախոսությունը վարեց ամբիոնի դասախոս, գնդապետ Պերճ Կարապետյանը, ով իր ելույթում արծարծեց պաշտպանական հարցերին վերաբերող խնդիրները, ուսանողության վարվելակերպի կանոնները ինչպես համալսարանում, այնպես էլ դրա շրջանակներից դուրս:
Դասախոսը ծանոթացրեց նաև ազդարարման համակարգի գործելակերպին վերաբերող հարցերին, պաշտպանական կառույցներին, մետորոպոլիտենի մոտակա կայարանում պատսպարվելու կանոններին և այլն։
Առանձնահատուկ շեշտադրվեցին սահմանամերձ գոտու բնակչության պաշտպանությանը վերաբերող հարցերը, պարզագույն թաքստոցների և արագ կառուցվող ապաստարանների կառուցման սկզբունքները։
Դասախոսության ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ և դիտաֆիլմ, եղավ հարց ու պատասխան:
Նշենք, որ 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը, որն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին: Կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:
Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: