ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է
01.03.2022
Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Այսօր միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Քաղպաշտպանության խնդիրների վերհանման նպատակով՝ ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնն ամեն տարի կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ:

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում՝ ՀՊՄՀ ուսանողները բաց դաս անցկացրին և ներկայացրին «Մանկավարժության խնդիրները քաղաքացիական պաշտպանության բնագավառում» և «Քաղաքացիական պաշտպանության դերը կազմակերպություններում» թեմայով զեկույցները:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Կոստանյանն իր ելույթում նկատեց՝ քաղպաշտպանությունը պետք է դառնա հասարակության բնականոն կյանքի բաղկացուցիչ մաս, որպեսզի միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքում մասնակցեն ոչ միայն կառավարման մարմինները, այլև հասարակության բոլոր շերտերը:

Մանկավարժները սովորողների պաշտպանությունն ապահովելու նպատակով, խաղաղ ժամանակ ևս պետք է կազմակերպեն քաղպաշտպանության հարցերով ուսուցում. դասընթացների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է կիրառել ուսուցման մի շարք մեթոդներ՝ զրույց, դասախոսություն, բանավեճ, ինտերակտիվ քննարկումներ, ինքնուրույն աշխատանքներ, քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ առաջադրանքներ, ուսումնահետազոտական նախագծեր, դերային խաղեր և այլն:

Ապագա մանկավարժը քաղպաշտպանության և ռազմավարական տեսանկյունից կարևորեց նաև հակառակորդի լեզվին տիրապետելն ու նրանց պատմության ուսումնասիրությունը:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Արևիկ Գոմցյանն էլ, խոսելով քաղաքացիական պաշտպանությունների դերի կատարելագործման անհրաժեշտության մասին, նկատեց՝ չնայած ժամանակի ու գիտության առաջընթացին, ոլորտում կան մի շարք բացեր:

Բանախոսը վստահ է՝ քաղպաշտպանության կազմավորումներն անհրաժեշտ է համալրել հոգեբանական խմբերով, իսկ բնակչության պաշտպանությունն ապահովել նաև տեղեկատվական ոլորտում:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Նարինե Սահակյանը ընդգծեց բաց դասի կարևորությունը՝ նշելով, որ ուսանողների անդրադարձը ժամանակակից աշխարհում բազմաթիվ մարտահրավերներիի դիմակայելու կարևոր փորձ է:

Ամբիոնի դասախոս Պերճ Կարապետյանը, ամփոփելով ուսանողների ելույթները, նշեց՝ քաղպաշտպանությունը զարգացող գործընթաց է. աշխարհում կատարվող փոփոխությունների հետ մեկտեղ, փոխվում են նաև պաշտպանության խնդիրները:

Ի դեպ, ՀՊՄՀ ուսանողներն այսօր կմասնակցեն Քաղպաշտպանության համաշխարհային օրվան նվիրված գիտաժողովին, որը կազմակերպել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:

Նշենք, որ Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հրատապ է դառնում հատկապես պատերազմական իրավիճակներում։ Առաջինն այդ գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թվականին Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Այն նպատակ ուներ առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

1958 թվականին «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ), որին 1994 թվականի ապրիլից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: